Դավիթաշենում 23 բարդի հատելու մեջ մեղադրվողի պաշտպանը կդիմի Վերաքննիչ դատարան
SocietyNEWS.am-ը գրում է.
Դավիթաշենում 23 բարդի հատելու մեջ մեղադրվող Ալեքսան Սամսոնյանի շահերի պաշտպանը բողոքարկելու է առաջին ատյանի դատարանի՝ իր պաշտպանյալի կալանավորման մասին որոշումը: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց պաշտպան Արմեն Մելքոնյանը:
Նրա խոսքով, առաջին ատյանի դատարանի՝ Ալեքսան Սամսոնյանին կալանավորելու որոշումը հիմնավորված չէ, Ալեքսան Սամսոնյանին վերագրել են որոշ արարքներ, որոնք նա չի կատարել՝ ուռճացված են նաեւ հատված ծառերի թվերը:
Պաշտպանի խոսքով, արարքն ուռճացվել է, որպեսզի մեղադրանք առաջադրվի ոչ թե ՔՕ-ի 296-րդ հոդվածի 1-ին մասով, այլ 3-րդ, այն է՝ ծառերի, թփերի եւ բուսածածկի ապօրինի հատումը խոշոր վնաս պատճառելով:
Ալեքսան Սամսոնյանը չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը:
Հիշեցնենք, որ ապրիլի 10-ին ոստիկանության Մաշտոցի բաժնում ահազանգ էր ստացվել, որ Աղաբաբյան փողոցում՝ «Դելֆին» լողավազանի դիմաց, 23 բարդի են հատել: