«Տիկնայք փափկասուն» Հանրապետականի
Analysis«Չորրորդ իշխանություն» թերթը գրում է.
«ՉԻ» տեղեկություններով՝ վերջին օրերին լարված են ՀՀԿ հինգերորդ գումարման կին պատգամավորներ Կարինե Աճեմյանի, Ռուզաննա Մուրադյանի եւ Մարգարիտ Եսայանի հարաբերությունները: «ՉԻ»՝ ՀՀԿ-ին մոտ կանգնած աղբյուրների փոխանցմամբ՝ նրանց միջեւ լուրջ մրցապայքար է ընթանում ԱԺ Կրթության հանձնաժողովի նախագահի պաշտոնի համար:
Ժողովրդական ասացվածքն այս իրավիճակը բնութագրում է մեկ նախադասությամբ. «Այս խմորը, շատ ջուր կքաշի»: Հանրապետականի «փափկասուն տիկնանց» հետ կապված բոլոր խմորներն էլ շատ են ջուր քաշել, քանի որ նախորդ գումարման Ազգային ժողովից էլ պարբերաբար տեղեկատվական արտահոսք էր լինում այն մասին, որ Հանրապետական տիկնանց հարաբերությունները լարված են՝ այս կամ այն գործուղման հարցի շուրջ:
Թերևս հենց նման իրավիճակներում են հարգարժան տիկնայք ցույց տալիս իրենց իրական դեմքն ու մոտիվացիաները՝ փաստացի որևէ կերպ չզիջելով իրենց տղամարդ գործընկերներին: Ավելին, թերևս Հանրապետական կանայք շատ ավելի կատաղի են պայքարում միմյանց դեմ:
Այստեղ, ի դեպ, շատ հետաքրքիր է` արդյո՞ք Հանրապետականի տիկնայք նույնպես միմյանց դեմ ունեն այն կոմպրոմատների փաթեթները, որոնց օգնությանը պարբերաբար դիմում են նրանց տղամարդ գործընկերները: Ըստ տրամաբանության՝ թերևս պետք է որ ունենան, քանի որ հանրապետական լինելը դա մտածողության որոշակի ձև է, որտեղ սեռը բացարձակ կապ չունի:
Տիգրան Դավթյան