Գեղարքունիքում 17-ամյա պատանուն լոգարանում հայտնաբերել են մահացած
SocietyԳեղարքունիքի մարզում 17-ամյա պատանուն հայտնաբերել են մահացած՝ լոգարանում։
Այս մասին լուրը Tert.am-ի հետ զրույցում հաստատեցին Ոստիկանության լրատվական ծառայությունից՝ հայտնելով, որ նման ահազանգ ոստիկանությունը ստացել է:
«Ապրիլի 17-ին՝ ժամը 21:55-ին շտապօգնությունից ահազանգ է ստացվել, որ կանչով մեկնել են Նորատուս գյուղ, որտեղ տներից մեկում հայտնաբերել են քաղաքացի՝ մահացած վիճակում»,-ասաց ԶԼՄ-ների հետ կապի բաժնի պետ Էդգար Ջանոյանը:
Ոստիկանությունից հայտնեցին, որ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, կատարվում է նախաքննություն:
Նախաքննության վերաբերյալ ՀՀ քննչական կոմիտեից Tert.am-ին հայտնեցին, որ ահազանգ են ստացել այն մասին, որ Նորատուս գյուղի տներից մեկի լոգարանում դի է հայտնաբերվել. «Այս պահի դրությամբ փորձաքննություն է կատարվում, հանգամանքները պարզվում են, կատարվում է քննություն»:
Նորատուսի համայնքապետ Մուրադ Հարությունյանն էլ Tert.am-ի հետ զրույցում հայտնեց, որ 17-ամյա պատանուն մահացած են հայտնաբերել լոգարանում:
«Նրան լոգարանում են հայտնաբերել: Աշակերտ էր, սովորում էր դպրոցում: Գյուղում ապրում էր ընտանիքի՝ ծնողների ու քույր-եղբայրների հետ միասին»,-ասաց նա։