Չեմպիոնների լիգա. Ռոնալդուի հեթ-տրիկն ու «Ռեալի» հաղթանակը՝ 4:2
SportՄադրիդի «Ռեալը» լրացուցիչ ժամանակում 4:2 հաշվով առավելության հասավ Մյունխենի «Բավարիայի» նկատմամբ եւ դուրս եկավ Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ՝ 7-րդ տարին անընդմեջ, ինչը ռեկորդ է:
Քառորդ եզրափակիչի պատասխան հանդիպման հիմնական ժամանակն ավարտվել էր 2:1 հաշվով գերմանական թիմի օգտին:
Արքայական թիմը գոլ բաց թողեց երկրորդ խաղակեսում: Սեփական տուգանային հրապարակում «Ռեալի» բրազիլացի պաշտպան Կազեմիրոն խախտեց կանոնները հոլանդացի կիսապաշտպան Արյեն Ռոբենի նկատմամբ եւ 11 մետրանոցը դիպուկ իրացրեց մյունխենցիների լեհ հարձակվող Ռոբերտ Լեւանդովսկին: Դրանից հետո հաշիվը հավասարեցրեց պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն, որն օգտագործեց Կազեմիրոյի հրաշալի փոխանցումը:
Հենց հաջորդ գրոհի ժամանակ ինքնագոլի հեղինակ դարձավ «Ռեալի» ավագ Սերխիո Ռամոսը: Չեմպիոնների լիգայում 100-րդ հանդիպումն անցկացրած իսպանացի պաշտպանը պատահաբար հետ ուղարկեց գնդակը դարպասապահ Կեյլոր Նավասին, որը չէր սպասում եւ չհասցրեց գնդակի հետեւից:
84-րդ րոպեին երկրորդ դեղին քարտը ստացավ չիլիացի կիսապաշտպան Արտուրո Վիդալը՝ «Բավարիային» թողնելով 10 ֆուտբոլիստներով:
Լրացուցիչ ժամանակում Կրիշտիանու Ռոնալդուն դարձավ դուբլի հեղինակ, թեեւ մրցավարները չնկատեցին ակնհայտ խաղից դուրս վիճակը: Ընդմիջումից հետո Ռոնալդուն դարձավ նաեւ հեթ-տրիկի հեղինակ՝ խփելով 101-րդ գոլը Չեմպիոնների լիգայում եւ սահմանելով ռեկորդ այդ ցուցանիշով: Երկրորդ տեղում «Բարսելոնայի» արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսին է՝ 94 գոլ:
Հաշիվը 4:2 դարձրեց Մարկո Ասենսիոն:
Չեմպիոնների լիգա, քառորդ եզրափակիչ, պատասխան հանդիպում
«Ռեալ Մադրիդ» (Իսպանիա) - «Բավարիա» (Գերմանիա)՝ 4:2 (հիմնական ժամանակ՝ 1:2) (առաջինխաղ՝ 2:1)
Կրիշտիանու Ռոնալդու, 76, 105, 109, Մարկո Ասենսիո, 112 - Ռոբերտ Լեւանդովսկի, 53, 11մ, Սերխիո Ռամոս, 78, ինքնագոլ
Հեռացում՝ Արտուրո Վիդալ («Բավարիա»), 84, երկրորդ դեղին քարտ