«Համառ, ինքնուրույն, հասուն ու համարձակ աղջիկ է Էսթերը, այնպիսին, ինչպիսին ես եմ». Սոֆի Դևոյան կրտսեր
LifestyleBlogNews.am-ը գրում է.
U!COM ցանցում հեռարձակվող Արմենիա Պրեմիում հեռուստաալիքով ցուցադրվող «Եղնիկների կածանը» ֆիլմի գլխավոր դերակատարներից մեկը 15-ամյա Սոֆի Դևոյանն է, ով մարմնավորում է գլխավոր հերոսի դստերը՝ Էսթերին: BlogNews.am-ը զրուցել է երիտասարդ դերասանուհու հետ ու խոսել ինչպես ֆիլմից, այնպես էլ նրա առօրյայից ու հետաքրքրություններից.

Սոֆին նշում է, որ «Եղնիկների կածանը» ֆիլմում նկարահանվելը իր համար ոչ միայն հետաքրքիր էր, այլ նաև մեծ պատիվ. «Շատ երջանիկ եմ, որ նման խմբի հետ եմ աշխատել: Ինձ համար իսկապես մեծ պատիվ էր խաղալ տաղանդավոր ու մեծ վաստակ ունեցող դերասանների հետ: Առաջին հերթին շնորհակալ եմ պարոն Քեշիշյանին, որ ինձ ընձեռեց այս հնարավորությունը: Ես համոզված եմ, որ այս ֆիլմում ձեռք բերած իմ փորձը դեռ շատ է ինձ պետք գալու»:

«Ինչ վերաբերում է իմ կերպարին, ապա այն ինձ շատ հարազատ էր. համառ, ինքնուրույն, հասուն, վստահ ու համարձակ աղջիկ է Էսթերը, այնպիսին, ինչպիսին ես եմ: Երևի դա է պատճառը, որ շատ հեշտ խաղացի կերպարս: Սակայն, ի տարբերություն Էսթերի, իրականում ես հայրիկիս հետ շատ կապված եմ: Փոքրուց միշտ պապայի աղջիկ են ինձ ասել, շատ կապված եմ նրա հետ, թեև մամայիս էլ անչափ շատ եմ սիրում: Իսկ Էսթերը շատ է տառապում իր ծնողների բարդ հարաբերությունների պատճառով»:

Սոֆին ասում է, որ դերում քասթինգով է հաստատվել. «Ինձ հետ միասին շատ աղջիկներ էին մասնակցում քասթինգին: Շատ անհամբեր էի սպասում պատասխանին: Երբ ասացին, որ հաստատվել եմ, երջանկությանս չափ չկար: Չեք պատկերացնի՝ որքան շատ էի ուզում խաղալ Էսթերի դերը»:
Սոֆիի հետ զրուցեցինք նաև նրա առօրյայից ու դասերից: Տասնհինգամյա դերասանուհին, բացի ֆիլմերում ու սերիալներում նկարահանվելուց, նաև պարում է. «Զբաղվածությունս շատ-շատ է ներկա պահին, անընդհատ փորձեր, փորձեր: Պատրաստվում ենք համերգների, մայիսի 9-ին էլ Սոֆի Դևոյանի մշակույթի կենտրոնի մենահամերգն է լինելու: Այս ամենի հետ նաև դպրոց, դասեր, պարապմունքներ ու նկարահանումներ «Կայարան» սերիալում»:

Այն հարցին, թե արդյոք չի խանգարում այս լարված գրաֆիկն իր դասերին, Սոֆին ասում է, որ հասցնում է: Ապագա մասնագիտության հարցում Սոֆին դեռ մտածում է. «Կարծում եմ՝ կա՛մ Գեղարվեստի ակադեմիա, կա՛մ էլ Թատերական ինստիտուտ կփորձեմ ընդունվել: Ամեն դեպքում ես իմ ապագան արվեստի մեջ եմ տեսնում: Իսկ կողմնորոշվելու համար դեռ ժամանակ ունեմ»:

Շաբաթվա մեջ Սոֆին ազատ ժամանակ միայն կիրակի օրն է ունենում: Սիրում է հանգստյան օրն անցկացնել ընտանիքի ու ընկերների հետ. «Կիրակին մեր ընտանիքի օրն է: Բոլորն ազատ են այդ օրը: Սակայն հասցնում եմ նաև ընկերներիս հետ շփվել, զբոսնել, ինչ-որ հետաքրքիր վայր այցելել: Շատ եմ սիրում նկարել: Փորձում եմ նաև դրա համար ժամանակ գտնել»:


Հարցազրույցի վերջում Սոֆիի հետ խոսեցինք նաև «Եղնիկների կածանը» ֆիլմի գաղափարախոսության մասին: Պատանի դերասանուհին ասում է, որ սցենարը կարդալու պահին է արդեն տպավորվել. «Այս ֆիլմն ինձ շատ բան տվեց: Այնքա՜ն շատ են զգացմունքներս ֆիլմի հետ կապված: Միայն մի բան եմ ուզում ասել. մեր երկրում թող խաղաղություն լինի, բոլոր երեխաները մեծանան խաղաղ երկնքի տակ, ու պատերազմ այլևս երբեք չտեսնենք»:
Նյութը՝ Արմինե Հայրապետյանի