ՌԴ քաղաքացիները հնարավորություն կունենան օնլայն հայկական ապրանքներ պատվիրել և ստանալ Հայաստանից
EconomicsԱռաջիկայում Ռուսաստանի Դաշնության վերջնական սպառողները կկարողանան տանը նստած օնլայն տարբերակով հայկական ապրանքներ պատվիրել Հայաստանից, որը կառաքվի առավելագույնը երեք օրվա ընթացքում: Ապրիլի 19-ին լրագրողների հետ զրույցում «Սպայկա» ընկերության նախագծերի կառավարման բաժնի ղեկավար Կարեն Բաղդասարյանը ներկայացրեց «Արմզոն» օնլայն առևտրի հարթակը, որը նախագծել է «Սպայկա» ընկերությունը:
«Արմզոն»-ը էլեկտրոնային առևտրի հարթակ է, որտեղ հայկական բոլոր արտադրողները հնարավորություն են ստանում ինտերնետ կայքի միջոցով վաճառել իրենց արտադրանքը Ռուսաստանի մեծ քաղաքներում: Այսինքն, Ռուսաստանի վերջնական սպառողը ինտերնետ կայքի միջոցով պատվիրում է իր ցանկացած ապրանքը, և մենք Հայաստանից առավելագույնը երեք օրվա ընթացքում առաքում ենք իրականացնում ու հենց տանը հանձնում ենք նրանց պատվերը»,- ասաց Բաղդասարյանը:
Նա մանրամասնեց, որ փաթեթը իր մեջ ներառում է ամեն տեսակի արտադրանք. կարող է լինել մթերք, տեքստիլ, արվեստի գործ և այլն: Այսինքն՝ ամբողջ արտադրատեսակների դաշտը, որը տեղափոխելի է Ռուսաստան, կարող ենք ներառել: Գոյություն ունի մինիմալ փաթեթի արժեք որպեսզի պատվերը հաստատվի: Պատվերի մինիմալ փաթեթը կազմում է 50 հազար դրամ: Գնի մեջ ներառված է նաև տեղափոխման արժեքը»,- նշեց Կարեն Բաղդասարյանը:
Նրա խոսքով` «Արմզոն» օնլայն առևտրի հարթակում ապրանքների գները մոտ երկու անգամ ավելի էժան են լինելու, քան ՌԴ սուպերմարկետներում ներկայացված հայկական ապրանքները:
Սկզբնական շրջանում ծառայությունը հասանելի կլինի միայն Ռուսաստանի տարածքում, սակայն նախագծի հեղինակները պլանավորում են այն հասանելի դարձնել Եվրասիական տնտեսական միության անդամ բոլոր երկրներում: Կարեն Բաղդասարյանը տեղեկացրեց, որ «Արմզոն» օնլայն առևտրի հարթակը ՌԴ-ում հասանելի կլինի մեկ ամսից, իսկ այդ ընթացքում իրենք կփորձեն որքան հնարավոր է շատ հայ արտադրողների ընդգրկել նախագծում: