Պետության աջակցությամբ այս տարվա ընթացքում կատարվել է 63 մլն դոլարի ներդրում. փոխնախարար
EconomicsՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության ներկայացրած 62 ներդրումային ծրագրերից 2017 թվականի չորս ամիսների ընթացքում ներդրվել է 63 մլն դոլար և ստեղծվել է 1807 աշխատատեղ:
Այս մասին ապրիլի 19-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալ Հովհաննես Ազիզյանը:
Նա հիշեցրեց, որ վերջին 6 ամիսների ընթացքում նախարարության աջակցության գործիքներով հնարավորություն եղավ ձևավորել մոտ 62 ներդրումային ծրագիր` 471 մլն դոլար մոտավոր արժողությամբ:
«Դրանց համար առկա են բոլոր ֆինանսական միջոցները: Դրանց նաև համապատասխան աջակցություն է տրամադրվել պետության կողմից, մասնավորապես հարկային արձակուրդների, մաքսատուրքի ազատման գործընթացի, ապահովագրական, վարկավորման և այլ մեխանիզմների համատեքստում:
2017 թվականի ապրիլին կարող ենք նշել, որ այս 62 ծրագրերից որոշների իրականացման արդյունքում ներդրվել է 63 մլն դոլար և 1807 աշխատատեղ է ստեղծվել: Այս տարվա ընթացքում 62 ծրագրերով նախատեսվում է 6215 աշխատատեղերի ստեղծում: Սրանք ներդրումային ծրագրեր են, որոնք շարունակական են լինելու:
Այդ առումով տեսնում ենք ծրագրերից 37-ը, որոնք շարունակվելու են 2018-2019 թվականների ընթացքում»,- ասաց փոխնախարարը` հավելելով, որ 2018 թվականին 37 ծրագրերով նախատեսվում է 6700, իսկ 2019 թվականին` 4100 աշխատատեղի ստեղծում: