ՀՀԿ-ն ու բարոյական աջակցությունը
AnalysisՀանրապետականը բարոյական աջակցություն է ցուցաբերում արդեն հայտնի դպրոցի տնօրեններին՝ սկանդալային ձայնագրության հետ կապված զարգացումներում: Սա հայտարարում է ոչ ավել, ոչ պակաս Էդուարդ Շարմազանովը: Սա արդեն աբսուրդի գագաթնակետն է: Կարծես թե այդ ձայնագրությունների պատմությունը շուտափույթ կերպով պարտակելու առաջնային շահարգրգիռ կողմը պետք է լիներ հենց Հանրապետականը, քանի որ Հայաստանում շատ դժվար է գտնել մեկին, ով չիմանա, որ ոչ միայն դպրոցների տնօրենները, այլև պետական համակարգի աշխատողների ողջ բանակ՝ հազվադեպ բացառություններով, լծված է եղել Հանրապետականի համար ձայներ բերելու «նվիրական» գործին:
Սակայն, այս ամենով հանդերձ, ընտրություններն արդեն իրողություն են և իրատեսորեն գնահատելով ստեղծված դրությունը՝ պետք է նշել, որ որևէ բան այլևս չի փոխվելու: Բայց չէ, Հանրապետականը ավելի հեռուն է նայում, Հանրապետականը պետք է ցույց տա, որ երախտամոռ չէ, որ կարող է պաշտպանել իր «նվիրյայներին»: Վերջիններս դեռ նրան պետք են, դեռ կան ավագանու ընտրություններ, դեռ լինելու են էլի շատ ընտրություններ ու բնականաբար ցուցակագրող տնօրենները շարունակելու են ցուցակները կազմել ու ձայներ հավաքել:
Բայց սրա համար մոտիվացիա է պետք, իսկ այդ մոտիվացիան բարոյական աջակցությունն է, որը ցուցաբերում է հարազատ կուսակցությունը: Հետաքրքիր է սակայն, ի՞նչ բարոյական աջկացության մասին կարելի է խոսել, երբ այսօրինակ երևույթները չեն տեղավորվում հասարակական այս նորմի չափումներում:
Միքայել Գալստյան