Մենք հույս ունենք, որ շուտով Արևելյան Հայաստանը ևս կճանաչի եզդիների ցեղասպանությունը. Ազիզ Թամոյան
SocietyԱյսօր «Պոստ սկրիպտում» մամուլի ակումբում հրավիրված ասուլիսի ժամանակ «Եզդիների ազգային միություն» ՀԿ նախագահ Ազիզ Թամոյանը խոսեց հայ և եզդի ազգերի նկատմամբ իրականացված ցեղասպանությունների մասին:
«Ցեղասպանությունն աշխարհի ժողովուրդների չարիքն է: Իսկ դա կարելի է կանխել: Գերտերություններն այս հարցում պետք է լուրջ քայլեր կատարեն, այլապես վաղը կամ մյուս օրը այդ գործողությունները մեծ ծավալների կհասնեն: Ես գիտեմ հայ ժողովրդի վիշտը, լավ տեղեկացված եմ, թե ինչ է տեղի ունեցել 1915 թվականին Արևմտյան Հայաստանում: Պետք է նշեմ, որ եզդի ու հայ ժողովուրդները ապրելով իրար կողքի բավական ծանր օրեր են ունեցել: Հիշենք, որ եզդիներին կոտորել են դեռ 7-րդ դարում ու ցեղասպանում են մինչ օրս: Նույնն էլ արվել է հայերի նկատմամբ 1915 թվականին՝ մարդկանց սպանեցին, իսկ մի մասին էլ տեղահան արեցին»,- ասաց բանախոսը՝ ընդգծելով, որ Թուրքիան պետք է հասկանա, որ առաջադեմ մարդկությունը դեմ է ցեղասպանություններին:
Անդրադառնալով 2014 թվականին Իրաքի հյուսիսային հատվածում եզդիների նկատմամբ իրականացված ցեղասպանությանը, նշեց, որ դրա մեղավորները քրդերն են. «Իհարկե, կան մարդիկ, որ առանձին հայտարարություններով են հանդես եկել ու ներողություն խնդրել, սակայն մեկ կամ մի քանի քրդերի կողմից ներողություն հացելով հարցը չի լուծվում: Այնպիսի երկրներ, ինչպիսիք են Ֆրանսիան, Շվեդիան և այլք ճանաչել են եզդիների ցեղասպանությունը: Մենք հույս ունենք, որ շուտով Արևելյան Հայաստանը ևս կճանաչի եզդիների ցեղասպանությունը: Ինչ վերաբերում է հայերի ցեղասպանությանը, ապա Թուրքիան դա պետք է ընդունի, եթե չընդունի ուրեմն իրենց արյունոտ ձեռքերը պետք է լվանան: Այդ բարբարոս ձեռքերը չարիք են մարդկության համար: Ես խոնարհվում եմ 1915 թվականին Արևմտյան Հայաստանում զոհվածների առաջ: Մենք միշտ պետք է ճշմարտացիորեն ասենք մեր խոսքը, որ աշխարհն էլ դատապարտի նման դեպքերը»: