«Տարօրինակ պատերազմ» ՀՀԿ-ում
AnalysisԵրկրորդ համաշխարհային պատերազմի սկզբնական շրջանում Անգլիան և Ֆրանսիան, փաստացի գտնվելով Գերմանիայի հետ պատերազմական վիճակում, որևէ ռազմական գործողության չէին դիմում: Այս պատճառով Համաշխարհային պատերազմի այս փուլը պատմագիտության մեջ մտավ «Տարօրինակ պատերազմ» անվանումով:
Տարօրինակ, սակայն, համենայնդեպս արտաքուստ, ոչ պատերազմական իրադրություն է խորհրդարանական ընտրություններից հետո հաստատվել ՀՀ նորընտիր Ազգային ժողովում և նրա շուրջ: Ի դեպ, նորընտիր բառն ըստ երևույթին պետք է պայմանականորեն կիրառենք, քանի որ մեծ մասամբ հայտնի չէ, թե ովքեր են վերաջպես լինելու 6-րդ գումարման Ազգային ժողովի պատգամավորները: Այս հարցի շուրջ խորը և բազմանշանակ լռություն է:
Այս լռությունն ինչ-որ տեղ արհեստականորեն երկարաձգվեց ՀԱԿ-ՀԺԿ դաշինքի կողմից Սահմանադրական դատարան դիմելու արդյունքում, սակայն պետք է նշել, որ մինչ այս էլ մասնավորապես հաղթած Հանրապետականը չէր շտապում ներակայացնել իր պատգամավորներին:
Նման իրադրությունն ի դեպ ենթադրելի էր, քանի որ, ըստ էության, այս խորհրդարանը 2018 թվականից հետո որոշելու է Հանրապետականի և Հանրապետականի վերնախավի հետագա ճակատագիրը: Այստեղ արդեն անհրաժեշտություն է առաջ գալիս, որպեսզի պատգամավորական մանդատ ստանան այն հանրապետականները, որոնք, այսպես ասած, մանրազնին քննություն կանցնեն: Բնականաբար, Հանրապետականի ներսում քողարկված «պատերազմական» գործողություններ են ընթանում կուսակցությանն տարբեր թևերի ներկայացուցիչների միջև: Այս տեսանկյունից թերևս պետք է նշել, որ խնդիրը ոչ թե Հանրապետականում շտապողականության բացակայության մեջ է, այլ նրա, որ չկա հստակություն, այլ կերպ ասած՝ ներկայացնելու նյութը չկա:
Սա նաև հասկանալի է, քանի որ Հանրապետականում որոշակի թիվ են կազմում տարբեր անձնական ամբիցիաներ հետապնդող և պատեհապաշտ գործիչները, որոնց վարքը լիովին անկանխատեսելի է 2018 թվականից հետո, երբ Սերժ Սարգսյանը վայր կդնի նախագահի լիազորությունները: Նման խմբերի հետ թերևս բավական լուրջ աշխատանքներ են տարվում՝ տարբեր ֆորս-մաժորային զարգացումներից խուսափելու համար:
Տիգրան Դավթյան