Վրաստանը շահագրգռված է Իրանի հետ հարաբերությունների խորացմամբ. ի՞նչ կերպ է իր շահերն ամրապնդելու Հայաստանը
EconomicsԱյսօր «Պոստ սկրիպտում» մամուլի ակումբում հրավիրված ասուլիսի ժամանակ ՀՀ պետական կառավարման ակադեմիայի Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի գիտաշխատող Ջոնի Մելիքյանը, խոսելով Վրաստանում և տարածաշրջանում տեղի ունեցած վերջին զարգացումների մասին, ասաց, որ վերջին շրջանում բավական ակտիվացել են Վրաստանի տարածաշրջանային հարաբերությունները:
«Վերջերս տեղի ունեցավ երկար սպասված հանդիպում. պաշտոնական այցով Վրաստան էր ժամանել Իրանի արտգործնախարար Ջավար Զարիֆը, որից մի քանի օր անց Վրաստանի վարչապետը պաշտոնական այց ունեցավ Թեհրան: Հանդիպումների ժամանակ ստորագրվել են մի շարք կարեւոր փաստաթղթեր առեւտրի ոլորտի, գյուղատնտեսության, ինչպես նաև երիտասարդների միջեւ համագործակցության վերաերյալ»,- ORER.am-ի հաղորդմամբ՝ նշեց բանախոսը:
Ըստ վրացագետի՝ թեեւ Վրաստանի ակնկալիքները Իրանի մասով մեծ են, այնուամենայնիվ, Վրաստանի արտաքին քաղաքականության մեջ կան սահմանափակումներ. «Վրացական կողմը ցանկանում էր, որ երկու պետություններն ավելի շատ կենտրոնանան տնտեսական հարաբերությունների զարգացման վրա: Անգամ եղել են առաջարկներ, որ իրանական կողմը ներդնումներ կատարի Վրաստանում, ինչպես նաեւ զարգացնեն տուրիզմը:
Թե ինչ կերպ կզարգանան հարաբերությունները երկու երկրների միջեւ, այս պահին Ջ.Մելիքյանը չի շտապում եզրակացություն անել. «Ամեն դեպքում, նրանք փորձելու են ստեղծել տարածաշրջանային միջանցք, որն էլ կմիացնի Պարսից Ծոցը Սեւ ծովի հետ: Այս հարցում հետաքրքիրն այն է, որ հայտարարության մեջ թվարկվել են տարածաշրջանի երկրները եւ, իհարկե, ուղղությունները՝ Վրաստան-Հայաստան-Իրան, ինչպես նաեւ Վրաստան-Ադրբեջան-Իրան, ինչն էլ ցույց է տալիս, որ մեկ հստակ ուղղության վրա չեն կենտրոնացել ու փորձելու են զուգահեռ ուղղություններով արագացնել առեւտրային հարաբերություններն ու դրանց ենթակառուցվածքները»:
Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի գիտաշխատող Ջոնի Մելիքյանի խոսքով՝ այդ անորոշությունը ցույց է տալիս, որ տվյալ հարցում Երեւանն էլ ավելի ակտիվ պետք է լինի՝ շահեկան դիրքեր գրավելու համար. «Սխեման աշխատելու է հետեւյալ կերպ՝ Իրանը գազը պետք է անցկացնի Հայաստանի սահմանով դեպի Վրաստան: Վրաստանն էլ, հանելով x քանակությամբ գազ, արտադրելու է էլեկտրաէներգիա, որն էլ նորից մեր երկրի տարածքով փոխանցվելու է Իրանի Իսլամական Հանրապետություն»: