Հարություն Մերդինյան. Ռիո-2016-ում ձախողելուց հետո կարողացա հաղթահարել հոգեբանական ճնշվածությունը
SportՈւրախ եմ, որ Օլիմպիական խաղերի ձախողումից հետո կարողացա հեշտ վերականգնվել, դուրս գալ Եվրոպայի առաջնության մրցահարթակ եւ մեդալի համար պայքարել: Շատ բարդ էր, բայց բրոնզե մեդալն ինձ ուրախացրել է:
Այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասաց սպորտային մարմնամարզության օղակների վարժության 2016 թվականի Եվրոպայի չեմպիոն, աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր Հարություն Մերդինյանն, որն օրեր առաջ Ռումինիայում ավարտված Եվրոպայի առաջնությունում գրավեց երրորդ տեղը:
«Ինչ կարողացա, դա արեցի: Կարեւորը՝ ես եւ մարզիչներս գոհ ենք: Այս մեդալն ինձ համար ավելի ոգեւորող է: Եվրոպայի առաջնությունում պայքարը մեծ էր: Ճիշտ է՝ անգլիացիները չկային, բայց այնպես չէր, որ մրցակցության պակաս զգացվեց նրանց բացակայությունից: Բարդ էր ու լարված:
Ռիո-2016-ից հետո մարզիչներիս հետ որոշեցինք, որ պետք է շարունակեմ պայքարը, մարզվեմ մինչեւ հաջորդ Օլիմպիական խաղեր: Այս մեդալի համար շատ եմ ուրախացել հենց միայն նրա համար, որ Ռիո-2016-ում ձախողելուց հետո կարողացա հաղթահարել հոգեբանական ճնշվածությունը, կրկին դուրս գալ մրցահարթակ եւ պայքարել մեդալի համար:
Վնասվածքներս արդեն վերականգնվում են: Աշխարհի առաջնությունից առաջ վարժությունս կբարդացնեմ: Պետք է այնպես անեմ, որ կարողանամ մեդալի համար պայքարել Կանադայում»,- ասաց Հարություն Մերդինյանը:
Լուսինե Շահբազյան
Ֆոտո՝ Էմմա Ասատրյան