Ի՞նչ է կատարվում հայկական շուկայում, որքանով է անվտանգ ներկրվող սննդամթերքը
EconomicsԱյսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ «Հայաստանի սպառողների ազգային ակադեմիա» հ/կ-ի նախագահ Մելիտա Հակոբյանը, խոսելով Հայաստան ներկրվող ապրանքներից ասաց. «Զգուշությամբ պետք է վերաբերվենք Հայաստան ներկրվող ապրանքներին։ Բազմիցս ունեցել ենք Ադրբեջանից նռան ներկրում, որի ժամանակ նռան ծաղկային մասը փակել էին ինչ-որ թունանյութով՝ իբր կյանքը երկարացնելու համար։ Ստուգելուց հետո հայտնաբերեցինք թունանյութեր, դրա համար մենք պետք է շատ զգույշ լինենք»:
Ինչպես իր խոսքում նշեց Մելիտա Հակոբյանը, խախտումներ նաեւ Հայաստանում են լինում։ Դրանք առավել նկատելի են բժշկական ոլորտում. «Խախտումներ են նկատվում օրինակ դեղերի հետ կապված, երբ արդեն դեղերի ժամկետն ավարտվում է ու նշանակում են հիվանդներին։ Տալիս են հատուկ կտրոն, ուղարկում են հատուկ դեղատուն եւ ասում ՝ վերցրու այս դեղը, այսինքն տվյալ բժիշկը դրանից ինչ-որ տոկոս ունի»,- ասաց նա։
«Հայաստանի սպառողների ազգային ակադեմիայի» փոխնախագահ, մոնիտորինգի բաժնի պետ Ռուբեն Հայթյանն էլ իր խոսքում ներկայացրեց ներկրվող եւ տեղական արտադրության ապրանքների ցանկը. «Մեզ մոտ շուկայական տնտեսություն է, եթե սպառողները չգնեն այդ ապրանքը, ապա ներկրողը դրանք այլեւս չի ներկրի։ Հացաբուլկեղենը 100%-ով տեղական արտադրության է, կաթնամթերքը 95%-ով տեղական արտադրության է, այս 5%-ը կազմում են յոգուրտն ու չոր կաթը։ Բայց շուկայում իրացվող հայկական կաթնամթերքի այս 95%-ից 40%-ը ներկրված ցածր որակի չոր կաթով է արտադրվում։ Ծխախոտի 45%-ը ներկրվում է այն դեպքում, երբ կարող էինք դրա փոխարեն տեղական արտադրությանը զարկ տալ, որից եւ՛ գյուղացին կշահի, եւ՛ տեղական արտադրողը։ Մսամթերք արտադրող մոտ 3 տասնյակից ավելի ընկերություններից մեր ուսումնասիրած մեկ տասնյակը որակյալ մսամթերք են ներկրում։ Ներկրված գոմեշի մսից որոշ արտադրողներ ստանում են որակյալ երշիկ, իսկ անբարեխիղճ ընկերությունները չեն կարողանում համապատասխան մշակման ենթարկել տվյալ միսը։ Այնպես որ, ամեն ինչ կախված է միայն վերամշակման պրոցեսից»,-ասաց նա՝ անցում կատարելով միրգ-բանջարեղենին. «Հիմնականում Հայաստան են ներկրվում էկզոտիկ մրգեր, լոլիկ, տանձ, խնձոր: Լոլիկ արտադրելու հնարավորություն ունենք, բայց, ցավոք, 60-70%-ը ներկրվում է։ Մոտ 40% խնձոր է ներկրվում»,-նկատեց բանախոսը:
Իսկ «Սպառողների ազգային ասոցիացիայի» գյուղդեպարտամենտի ղեկավար Լեւոն Աճեմյանը նշեց, որ սպառողները պետք է տարբերակեն տեղական ու ներկրված ապրանքները. «Օրինակ թուրքական լոլիկները եղել են կարմիր, մերը եղել է վարդագույն. Նույնիսկ նրանց կարմիր սորտերը մեզ մոտ չեն կարմրում, եւ չի բացառվում, որ գունանյութեր էլ են օգտագործվում: Այդ պրեպարատը մեզ մոտ էլ կա՝ անլեգալ կերպով քիմիկատների խանութներում վաճառվում է, արտադրողների մեծ մասը գիտի դրա մասին եւ օգտագործում է: Ամբողջ ներկրված արտադրանքը պետք է վերահսկել: Մենք չունենք համապատասխան լաբորատորիաներ»,-ասաց նա։
Սոսե Չանդոյան