Երևանում անցկացվեց մտավոր սեփականության պաշտպանությանը նվիրված կոնֆերանս-քննարկում
SocietyՄտավոր սեփականության համաշխարհային օրվա շրջանակներում Երևանում անցկացվեց Հայաստանում ԱՄՆ դեսպանության, Ամերիկայի առևտրի պալատի և «Մայքրոսոֆթ Հայաստան» գրասենյակի կողմից կազմակերպված Մտավոր սեփականության պաշտպանությանը նվիրված կոնֆերանս-քննարկումը:
Ապրիլի 26-ին անցկացված կոնֆերանս-քննարկմանը ելույթով հանդես եկավ Հայաստանում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Ռաֆիկ Մանսուրը:
«Այս տարվա թեման նորարարությունն է: Այն մեր կյանքը դարձնում է ավելի առողջ, պարզ և հարմարավետ: Ուստի Մտավոր սեփականության հզոր պաշտպանությունը նորարարության և նոր աշխատատեղերի ստեղծման համար հիմք է հանդիսանում», - նշեց ԱՄՆ փոխդեսպանը:
Մայքրոսոֆթի՝ Եվրոպայի, Մերձավոր Արևելքի և Աֆրիկայի Մտավոր սեփականության պաշտպանության տնօրեն Լոռան Սիգնորեթի խոսքով` շատ կարևոր է գիտակցել ծրագրային ապահովման կարևորության մասին և վերածել այն արժեքի, որը պետք է պաշտպանել:
«Մտավոր սեփականության ամենալավ պաշտպանության պրակտիկան ցույց է տվել, որ այս հարցում կա երկու հիմնարար խնդիր՝ կրթության տրամադրման և այդ գիտելիքների կիրառության մասով: Մտավոր սեփականության պաշտպանության նպատակով հարկ է մարդկանց սովորեցնել նաև պաշտպանվել հաքերային հարձակումներից»,- ասաց Սիգնորեթը: