Սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Գաբրիել Ղազարյանը չի մասնակցել եռյակի հանրահավաքին և ոչ ոքի չի ստիպել, որ մասնակցեն,-այս մասին հայտնում է ORER.am-ը: Կառավարությունում այսօր լրագրողների հետ զրույցում Գաբիրել Ղազարյանն ասաց, որ ԲՀԿ-ի, ՀԱԿ-ի և «Ժառանգության» համատեղ հանրահավաքին ինքը ոչ մարզիկիներին, ոչ նրանց ծնողներին չի ստիպել, որպեսզի գնան Ազատության հրապարակ. «Սպորտը քաղաքականություն չի սիրում, վերջացրեք ինտրիգները»,-ասաց նախարարը: Հարցին, թե ինքը մասնակցե՞լ է հանրահավաքին, նախարարը բացասական պատասխան տվեց.«Բնականաբար ոչ»:
Նշենք, որ այսօր «Ժամանակ» օրաթերթը գրել էր. «Սպորտի նախարարության ենթակա բոլոր 23 մարզադպրոցներից, որոնք սնվում են պետբյուջեից, 3 հազարից ավելի մարզիկների, նրանց ծնողներին, մարզիչներին պարտադրաբար տարել են Ազատության հրապարակ՝ ընդդիմադիր կամ ոչ իշխանական եռյակի հոկտեմբերի 10-ի հանրահավաքին մասնակցելու համար: Մեր տեղեկություններով՝ սպորտի նախարար Գաբրիել Ղազարյանը նույն ծրագիրն իրականացնելու է նաև հոկտեմբերի 24-ին: Սերժ Սարգսյանը շուտով պաշտոնանկ է անելու սպորտի նախարար Գ. Ղազարյանին»: