Գյումրիում համաքաղաքային միջոցառմամբ կնշեն պարի միջազգային օրը
SocietyԱմբողջ աշխարհում, այդ թվում` Հայաստանում, ապրիլի 29-ին կնշեն պարի միջազգային օրը: Պարի միջազգային խորհրդի առաջարկությամբ, այդ օրը հռչակել է ՅՈՒՆԵՍԿՕ-ն 1982թ-ին` ի պատիվ բալետի մասնագետ, ֆրանսիացի Ժան Ժորժ Նովերի, ում ծննդյան օրը ապրիլի 29-ին է: Հայաստանում այդ օրը նշվում է 2006 թվականից:
Գյումրու պարային խմբերն այդ օրը խոստանում են քաղաքը պարային տոնի վերածել: 4-14 տարեկանների 12 պարային խմբեր են մասնակցելու Գյումրու «Վարդանանց» հրապարակում նախատեսված շքերթին, ապա նաև համերգային միջոցառմանը:
Ոճային տարբերություն չի լինի՝ միջոցառմանը կմասնակցեն ինչպես ազգագրական, ժողովրդական այնպես էլ ժամանակակից պարային խմբերը:
Այս մասին ապրիլի 27-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեցին խմբերի ղեկավարները: Ի դեպ, Գյումրիում առաջին անգամ տոնը նշվել է 2015 թվականին՝ Գյումրու «Պարարվեստի դպրոց»-ի կողմից: «Այս տարի ոչ միայն մասնակից համույթների թիվն է ավելացել, այլ նաև աշխարհագրությունը՝ կմասնակցեն ոչ միայն Գյումրու, այլև մարզի այլ համայնքների պարային խմբերը՝ ընդհանուր շուրջ 500 երեխա»,- նշեց Գյումրու «Պարարվեստի դպրոց»-ի տնօրեն Սամվել Գասպարյանը:
Նախաձեռնությունն այս անգամ ևս «Պարարվեստի դպրոց»-ինն է, որին աջակցել է նաև Գյումրու քաղաքապետարանը: