Քաղաքագետ Լևոն Շիրինյանի կարծիքով եռյակի վաղվա հանրահավաքին զարգացումներ կլինեն, -այս մասին ասաց քաղաքագետըORER.am-ի հետ զրույցում:
Քաղաքագետի խոսքով՝ վաղը և վաղվանից հետո անհրաժեշտ է, որ ընդդիմությունն ու եռյակը գործընթացը սահմանադրության շրջանակներում պահեն, իսկ ժողովուրդը կամքով և համբերատար լինի, որպեսզի հնարավոր լինի որոշակի արդյունքի հասնել:
Քաղաքագետի կարծիքով, նույնիսկ իշխանության պահվածքից երևում է, որ խնդիրը լուրջ է, ընդդիմությունն էլ վճռական է տրամադրված. «Դա վկայում է նաև ԱԺ ՀՀԿ- խմբակցության որոշ պատգամավորների հիստերիան: Համենայն դեպս վատթարագույնը կլինի, եթե ժողովուրդը հիասթափություն ապրի: Այդ դեպքում ժողովրդի հոգեբանական վիճակը շատ կծանրանա: Բայց ես մտածում եմ, որ եռյակը մինչև վերջ գնալու է»:
Շիրինյանի խոսքով՝ լավագույն լուծում կլինի նաև իշխանության և ընդդիմության փոխհամաձայնության գալը. «Վերջիվերջո ոչ ոք հավերժ չէ երկրագնդի վրա, իսկ հանրապետությունը զարգանալու, Ջավախքն ու Արցախն էլ անվտանգության խնդիր ունեն: Պիտի սկսվի իշխանության գալ ու իշխանությունից գնալ ընտրությունների միջոցով: Պետք է այս մշակույթը զարգանա»:
12 կետի պնդումը ևս քաղաքագետը ճիշտ է համարում: Նրա խոսքով՝ այդ կետերը մեծ հաշվով ոչինչ չեն ներկայացնում, սակայն աղքատ և բարոյալքված ժողովրդի համար ճակատագրական նշանակություն ունեն:
Ինչ վերաբերում է հասարակության հիասթափությանը՝ Լևոն Շիրինյանն ասաց. «Խաբելը չեմ սիրում, այս դեպքում էլ հնարավոր է ընդդիմության ուժը պատի կամ չպատի: Երկրի պառակտմանը ևս դեմ եմ, դա որևէ արդյունք չի տալիս, երկիրն էլ առավել հետամնաց է դառնում»:
Քաղաքագետի կարծիքով՝ անկախ ամեն ինչից այսօր հայ հասարակությանը փոփոխություն է անհրաժեշտ: Լևոն Շիրինյանը համեմատականներ տանելով առողջական խնդիրներ ունեցող մարդու և հասարակության միջև ասաց. «Հիվանդներ կան, որ միշտ խորհուրդ է տրվում ամեն դեպքում շարժվել: Հիմա այդ շարժումն առաջացնել է պետք և ինձ թվում է եռյակը դա կարող է անել: Փոփոխությունը հրամայական է: Գերմանացի սոցիալ-դեմոկրատիան մի գործիչ լոզունգ ուներ՝ փոփոխությունն ամեն ինչ է , նպատակը՝ ոչինչ և այդ փոփոխությունը բերեց էվոլուցիոն զարգացման և Գերմանիայի, Ֆրանսիայի նման քաղաքակիրթ երկրների առաջացման: Փոփոխությունը հասարակական տրամադրությունները գործընթացի մեջ կդնի»: