Հայաստանի առևտրային բանկերի ընդհանուր հարկային վճարումներն ավելացել են 14.3 տոկոսով
EconomicsՀայաստանում գործող 17 առևտրային բանկերը միասին 2017 թվականի հունվար-մարտին պետբյուջե են վճարել շուրջ 9 մլրդ 825.6 մլն դրամի հարկեր և տուրքեր։
Ինչպես տեղեկացնում է ՀՀ պետական եկամուտների կոմիտեի հարկային ծառայության հրապարակած 1000 խոշոր հարկատուների ցուցակը, նախորդ տարվա առաջին եռամսյակի համեմատ 17 բանկերը միասին ավելացրել են հարկերը 14.3 տոկոսով կամ 1 մլրդ 229 մլն դրամով: Բանկերից 12-ը ավելացրել են հարկերը, 5-ը՝ նվազեցրել։
Խոշորագույն հարկատու բանկը առաջին եռամսյակի արդյունքներով ՎՏԲ-Հայաստան բանկն է։ Այս ընկերությունը նախորդ տարվա առաջին եռամսյակի համեմատ հարկերն ավելացրել է 304.3 մլն դրամով և հասցրել 1 մլրդ 193.8 մլն դրամի՝ տեղ գտնելով ՊԵԿ-ի 1000 խոշոր հարկատուների ցանկի 21-րդ տեղում:
Պետբյուջե վճարված հարկերի ծավալով հաջորդը ԱԿԲԱ-Կրեդիտ Ագրիկոլն է 1 մլրդ 5.6 մլն դրամ հարկային գումարով, որը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը գերազանցել է 7.4 մլն դրամով կամ 0.74 տոկոսով: Բանկը խոշոր հարկատուների ցուցակում 24-րդն է:
Անելիք բանկը 26-րդն է և երեք ամիսների ընթացքում պետբյուջե է վճարել 972 մլն դրամ հարկային գումար, ինչը շուրջ 621 մլն դրամով կամ 176 տոկոսով գերազանցում է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը:
Չորրորդ խոշոր հարկատու-բանկը Ամերիաբանկն է, որի հարկային վճարը կազմել է 922.6 մլն դրամ` 9.38 տոկոսով կամ 79 մլն դրամով գերազանցելով նախորդ տարվա հարկային գումարը: Բանկը զբաղեցնում է 28-րդ տեղը:
Առաջին հնգյակը եզրափակում է Հայբիզնեսբանկը` 29-րդ տեղով: Այս տարվա առաջին եռամսյակում բանկի հարկային գումարը կազմել է 906.5 մլն դրամ` ավելանալով 298.4 մլն դրամով կամ 49 տոկոսով: