ՀԱԷԿ երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարացման ծրագիրն ընթանում է ըստ ժամանակացույցի
EconomicsԱտոմային էներգետիկայի ոլորտում ՀԱԷԿ երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարացման ծրագիրը շարունակվում է ըստ ժամանակացույցի: Այս մասին նշեց ՀՀ ենթակառուցվածքների և էներգետիկայի բնական պաշարների նախարարի տեղակալ Հայկ Հարությունյանը: Նա ընդգծեց, որ չնախատեսված խնդիրներ չկան։
«Ավելին, առկա են մի շարք խնայողություններ՝ նախատեսված նախագծային հաշվարկներից: Ատոմակայանը մայիսից մինչեւ հուլիսի առաջին կեսը կդադարեցնի աշխատանքները պլանային վերանորոգման նպատակով: Եվս մեկ պլանային վերանորոգում կիրականացվի 2018թ-ին, ինչով կավարտվեն ատոմային էներգաբլոկի շահագործման երկարացման բոլոր աշխատանքները»,-ասաց նա։
Ինչ վերաբերում է ատոմակայանի նոր էներգաբլոկի կառուցմանը եւ նախատեսվող հզորությանը, ապա Հայկ Հարությունյանը նշեց, որ ներկայումս դիտարկվում են տարբեր սցենարներ, ուսումնասիրվում են բազմաբնույթ տեխնոլոգիաներ:
«Այս պահին հստակ ներդրող չկա, նախագիծը դեռ պլանային փուլում է։ Կարող ենք ասել միայն, որ նոր էներգաբլոկը կկառուցվի այն ժամանակ, երբ հինը շահագործումից դուրս կգա»,-ավելացրեց նա։
Փոխնախարարը հիշեցրեց նաեւ, որ 2017թ. նվազեցվեցին էլեկտրաէներգիայի եւ գազի սակագները։ Դրա հետ մեկտեղ, այս տարվա առաջին եռամսյակի արդյունքում առկա են բավական դրական միտումներ էլեկտրաէներգիայի արտադրության եւ արտահանման ոլորտում: Արտադրությունն աճել է մոտ 9,3 տոկոսով, արտահանումը եւ ներքին սպառումը եւս աճել են:
«2016թ. ընթացքում կրճատվել է հայկական էլեկտրական ցանցերում կորուստների թիվը, ավելացել է հիդրոէներգետիկայի մասնաբաժինն էներգետիկ համակարգում։ Սա դրական ազդեցություն ունի էներգետիկայի ողջ համակարգի կայունության եւ հեռանկարային զարգացման համար»,-հավելեց նա։