Արթուր Ալեքսանյան. Ծնկիս ցավը չի խանգարի մասնակցել Եվրոպայի առաջնությանը
SportNEWS.am Sport-ը գրում է.
Ռիո-2016 Օլիմպիական խաղերի ոսկե մեդալակիր, Եվրոպայի եռակի ու աշխարհի կրկնակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը կմասնակցի մայիսի 5-7-ը Սերբիայում կայանալիք ըմբշամարտի Եվրոպայի առաջնությանը: Այդ մասին գյումրեցի ըմբիշը հայտնել է NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում:
«Մասնակցելու եմ Եվրոպայի առաջնությանը: Ծնկիս վնասվածքը լիովին չի ապաքինվել, դեռ ցավ կա, բայց ինձ չի խանգարի գորգի վրա: Նորմալ մարզավիճակում եմ: Հույս ունեմ, որ ամեն ինչ լավ կլինի»,- զրույցում ասաց Արթուր Ալեքսանյանը:
Հունահռոմեական ըմբշամարտի Հայաստանի հավաքականի կազմում Եվրոպայի առաջնությանը կմասնակցեն՝ Գեւորգ Ղարիբյանը (59 կգ), Կարեն Ասլանյանը (66 կգ), Ռաֆայել Ալեքսանյանը (71 կգ), Կարապետ Չալյանը (75 կգ), Սարգիս Քոչարյանը (80 կգ) եւ Մաքսիմ Մանուկյան (85 կգ), իսկ Արթուր Ալեքսանյանը հանդես կգա 98 կգ քաշային կարգում:
Ըմբշամարտի Հայաստանի հավաքականը հավաք անցկացրեց Ծաղկաձորի մարզաբազայում: Այս օրերին թիմը վերջին մարզումներն է անցկացնում Բելառուսի Ստայկիի մարզաբազայում: Բելառուսից թիմը հավաքականի գլխավոր մարզիչ Լեւոն Ջուլֆալակյանի գլխավորությամբ մայիսի 4-ին կմեկնի մրցավայր:
Լուսինե Շահբազյան