Մբապե. Ուրախ եմ, որ խաղալու եմ Բուֆոնի դեմ
SportՖրանսիական «Մոնակոյի» հարձակվող Կիլիան Մբապեն Չեմպիոնների լիգայի խաղարկության կիսաեզրափակչի` Թուրինի «Յուվենտուսի» հետ խաղից առաջ հայտարարել է, որ իր համար մեծ պատիվ է խաղալ «ծեր սինյորայի» դարպասապահ Ջանլուիջի Բուֆոնի դեմ:
Ֆրանսիացին նշել է, որ 39-ամյա դարպասապահն աշխարհի լավագույն ֆուտբոլիստներից մեկն է:
««Յուվենտուսը» հրաշալի ակումբ է, որը կարողացել է հաղթել «Բարսելոնային»: Թուրինցիներն ապացուցել են, որ ամեն ինչ ունեն Չեմպիոնների լիգայի գավաթը հաղթելու համար:
Այնուամենայնիվ, «Մոնակոն» նույնպես որակներ ունի, որի շնորհիվ կարող է դուրս գալ մրցաշարի եզրափակիչ:
Բուֆոնը թողել է իր հետքը ֆուտբոլի պատմության մեջ: Նա աշխարհի լավագույն դարպասապահներից մեկն է: Ուրախ եմ, որ խաղալու եմ նրա դեմ: Ամեն օր դուք աշխատում եք, որպեսզի դուրս գաք համաշխարհային մակարդակի ֆուտբոլիստների դեմ: Եվ երբ դուք դա անում եք, ապա ցանկանում եք առավելության հասնել նրանց նկատմամբ»,- Մբապեի խոսքն է մեջբերում Football Italia-ն:
Հիշեցնենք, որ «Մոնակո»-«Յուվենտուս» հանդիպումը կկայանա մայիսի 3-ին, Երևանի ժամանակով 22:45-ին: