«Մրցանակաբաշխություն 2016»-ի շրջանակներում 62 մտավորականներ արժանացան դրամական պարգևների
Society«Մրցանակաբաշխություն 2016» ստեղծագործական և գիտական աշխատանքների արդյունքների արդյունքում դրամական պարգևների է արժանացել 62 մտավորական։
Մայիսի 2-ին կայացավ ՀՀ սփյուռքի նախարարության, Ռուսաստանի հայերի միության և Համաշխարհային հայկական կոնգրեսի կողմից հայտարարված գիտական և ստեղծագործական լավագույն աշխատանքների «Մրցանակաբաշխություն 2016»-ի արդյունքների ամփոփման և դիպլոմների հանձնման հանդիսավոր արարողությունը։ ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը լրագրողների հետ զրույցում ուրախությամբ նշեց, որ Ռուսաստանի հայերի միության կազմակերպած այս ձեռնարկին միացավ նաև Սփյուռքի նախարարությունը։
«Մենք, միանալով այս մրցանակաբաշխությանը, փորձեցինք համահայկական բնույթ հաղորդել դրան։ Ուրախ եմ, որ հայկական տարբեր համայնքներում նույնպես փորձ են անում մասնակցել այս մրցանակաբաշխությանը։ Սա առիթ է, որպեսզի առավել աշխուժանա և ակտիվանա մշակութային, գիտական կյանքը»,- նշեց Հրանուշ Հակոբյանը։ Մրցանակաբաշխության մասնակից մտավորականների թիվը 2007 թվականից ի վեր գրեթե քառապատկվել է։
2016 թվականի մրցանակաբաշխության արդյունքում դրամական պարգևների է արժանացել 62 մտավորական։
«Մրցանակաբաշխություն 2016»-ն այս տարի թեմատիկ էր և կրում էր «Համազգային միասնությունը որպես հավաքական ուժի, հզորության գրավական» նշանաբանը։ Այն նվիրված էր Հայաստանի Հանրապետության 25-ամյա հոբելյանին։ 2007 թվականից ի վեր ավանդույթ է դարձել Ռուսաստանի հայերի միության, Համաշխարհային հայկական կոնգրեսի և ՀՀ սփյուռքի նախարարության նախաձեռնությամբ, ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի, Հայաստանի գրողների, կոմպոզիտորների, ժուռնալիստների, նկ արիչների, կինեմատոգրաֆիստների միությունների հետ համատեղ անցկացվող լավագույն գիտական և ստեղծագործական աշխատանքների համահայկական մրցանակաբաշխությունը։ Մրցանակային ֆոնդը 42 մլն դրամ է: