Վարորդների վատ վերաբերմունք, տրանսպորտի ուշացումներ. մեղավոր տնօրենին անմիջապես կանչել են նախարարություն
SocietyNEWS.am-ը գրում է.
ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունում գործող «թեժ գծի» եւ տեղեկատու հեռախոսահամարներով 2017թ. ապրիլ ամսին ստացվել է 235 հեռախոսազանգ:
Նախարարությունից NEWS.am-ին հայտնում են, որ «Թեժ գծի» հեռախոսահամարով քաղաքացին ահազանգել է Երեւան-Արգել-Երեւան թիվ 253 երթուղու աշխատանքի մասին: Հեռախոսազանգն ստանալուն պես քաղաքացու բարձրացրած խնդիրը լուծելու նպատակով նախարարության տրանսպորտային տեսչություն է հրավիրվել նշված երթուղին շահագործող ընկերության տնօրենը: Քննարկման արդյունքում նա պարտավորվել է Նոր Հաճընից Երեւան մեկնող միկրոավտոբուսների շարժման միջակայքերի նախատեսված տեւողությունը առավոտյան ծանրաբեռնված ժամերին հնարավորինս կրճատել:
Մեկ այլ քաղաքացի ահազանգել է Երեւան-Մրգաշեն թիվ 271 երթուղու մասին: Ձեռնարկվել են համապատասխան միջոցներ, տրանսպորտային տեսչությունը գրավոր պատասխանել է քաղաքացուն:
«Թեժ գծով» եւս մեկ հեռախոսազանգ ստացվել է Դիլիջան-Նոյեմբերյան ավտոճանապարհի վիճակի մասին, որտեղ այս պահին իրականացվում են փոսային նորոգման լայնածավալ աշխատանքներ: Ճանապարհահատվածում կատարվող աշխատանքների մասին «Հայավտոճան» ՊՈԱԿ-ը քաղաքացուն տվել է համապատասխան պարզաբանում: Ի դեպ, նշված ճանապարհահատվածում վիճակը հնարավորին արագ կարգի բերելու համար արդեն տրված են համապատասխան հանձնարարականներ:
«Հյուսիսային» ավտոկայարանի տեղեկատու հեռախոսահամարի չգործելու հանգամանքին անդրադարձած քաղաքացուն պարզաբանվել է, որ տեղեկատու հեռախոսահամարները երկու օր չեն գործել մալուխի վնասվածության պատճառով:
Երեւան-Վարդենիս երթուղու որոշ վարորդների կողմից ուղեւորների նկատմամբ անհարգալից վերաբերմունքի մասին ահազանգում բարձրացված հարցերն ուսումնասիրելու եւ նման երեւույթները բացառելու նպատակով նախարարության տրանսպորտային տեսչությանը տրվել է համապատասխան հանձնարարական:
Նույն ժամանակահատվածում «Հայաստանի հեռուստատեսային եւ ռադիոհաղորդիչ ցանց» ՓԲԸ տեղեկատու հեռախոսահամարներին ստացվել է հեռուստատեսային թվային ընդունիչ սարքերի համալրման եւ հեռուստաալիքների ընդունման որակի բարելավման վերաբերյալ 10 հեռախոսազանգ:
Բոլոր հեռախոսազանգերի դեպքում պատշաճ կերպով տրվել են պարզաբանումներ եւ անհրաժեշտ խորհրդատվություն:
«Հայաստանի ավտոմոբիլային ճանապարհների տնօրինություն» ՊՈԱԿ-ի տեղեկատու հեռախոսահամարով միջպետական եւ հանրապետական նշանակության ավտոճանապարհների վիճակի վերաբերյալ տեղեկատվություն է տրամադրվել շուրջ 220 քաղաքացու: