Մի դիտողություն հիմարության մասին
SocietyShame.am-ը գրում է.
Սովորաբար «Ելք» դաշինքի անդամ, պատգամավոր Նիկոլ Փաշինյանի հանդիպումներն առանց միջադեպերի չեն ավարտվում: Այս օրն էլ բացառություն չէր: Տհաճ խոսակցություն է ծավալվել նրա և Փաշինյանի բակային այցերը լուսաբանող լրագրողների միջև: Պատասխանելով լրագրողներից մեկի հարցին, Փաշինյանն ափերից դուրս է եկել ու ասել. «Կներեք, ըտենց հիմար հարցեր էլ չտաք ինձ»:
Նիկոլի արձագանքը վիրավորել է ոչ միայն տեղում գտնվող լրագրողներին: Մասնավորապես, «Առավոտ» թերթի թղթակից Աննա Իսրայելյանը շտապել է իր ֆեյսբուքյան էջում հետևյալը գրել. «Շատ ավելի տխուր է, երբ քաղաքական գործիչ դարձող լրագրողն է սկսում իր նախկին գործընկերների հետ վիրավորանքներով ու անհանդուրժողական տոնով խոսել: Այսօր էլ հերթական նման դեպքն եղավ: Այսպես որ շարունակվի՝ Շմայսի և Թոխմախի Մհերի տեղը թափուր չի մնա, փաստորեն»:
Նիկոլին դիտողություն անելը տեղին է: Բառապաշարի ու պահվածքի իմաստով նա երբեք էլ չի փայլել` էմոցիոնալ բռնկումները ավելի հաճախ հասցնելով մինչև հիստերիկ ճիչերի աստիճանի: Առավել խելամիտ մարդիկ անհամեմատ զուսպ են, իսկ նրանց լեզվապաշարը` ավելի կոռեկտ:
Բայց կա նաև խնդրի երկրորդ կողմը: Հիմարությունը մնում է հիմարություն, անկախ նրանից, թե դա ում շուրթերից է հնչում, իսկ լրագրողական հիմարությունը հատկապես պետք է մատնանշվի, քանի որ հիմարը հասարակական կարծիք ձևավորելոււ իրավունք չունի: Եվ Աննա Իսրայելյանը, որ Նիկոլին հիշեցնում է նրա լրագրողական անցյալն իր լրագրողական ներկայի դիրքերից, կարող էր նաև հասկանալ` ըստ մասնագիտության հիմարներ և խելոքներ չեն լինում: Լրագրողի հիմարը առավելություն չունի հիմար պատգամավորի նկատմամբ: Էլ չենք խոսում այն մասին, որ ինչպես Աննա Իսրայելյանը, այնպես էլ հիմար հարցեր տվող լրագրողները կարծես թե երբևէ Շմայսի և Թոխմախի Մհերի հասցեին ֆեյսբուքյան դիտողություններ չեն գրառել: Իսկ Նիկոլի դեպքում արեցին այդ բանը: Իսկ ինչո՞ւ: Արդյո՞ք նրա համար, որ Նիկոլը լրագրողից դարձավ պատգամավոր, իսկ իրենք դեռ լրագրող են մնացել: