Քույր ու եղբոր ողբերգական վթարի հետքերով. վարորդը լուրջ վնասվածքներ չունի
SocietyNEWS.am-ը գրում է.
Սյունիքի մարզում նախօրեին առավոտյան տեղի ունեցած ողբերգական վթարի մեջ կասկածվող վարորդ Արթուր Միրզոյանը թեթեւ վնասվածքներ է ստացել եւ մոտ 2 ժամ հիվանդանոցում մնալուց հետո դուրս է գրվել: Այս մասին NEWS.am-ին հայտնեցին Գորիսի բժշկական կենտրոնից, որտեղ վթարից հետո տեղափոխվել է վարորդը:
Արթուր Միրզոյանը հետազոտվել է, որեւէ լուրջ խնդիր նրա մոտ չի հայտնաբերվել: Հիվանդանոցից փոխանցեցին, որ միջին տարիքի տղամարդն ավելի շատ հոգեբանական օգնության կարիք է ունեցել, քանի որ ուժեղ շոկի մեջ է եղել: Նրան հենց այդպիսի օգնություն է ցուցաբերվել եւ մոտ երկու ժամ անց նա դուրս է գրվել:
Նշենք, որ Արթուր Միրզոյանը Քաջարանի բնակիչ է: Նա ձերբակալվել է:
Հիշեցնենք, որ մայիսի 4-ին առավոտյան Քաջարանի բնակիչ Արթուր Միրզոյանը Որոտան գյուղից դեպի Գորիս գնալիս, դեռեւս չպարզված հանգամանքներում, մեքենայով դուրս է եկել երթևեկելի գոտուց և 40.8 մետր ընթանալով ճանապարհի ձախակողմյան կանաչապատ ձորակով՝ ընկել է Որոտան գետը, գլխիվայր շրջվել գետի միջով անցնող խողովակների վրա: Վթարի հետեւանքով ուղեւորներ, քույր ու եղբայր Դավիթ ու Աստղիկ Մկրտչյանները տեղում մահացել են: