Հայաստանում կարևորում են զբոսաշրջության ոլորտում տեղեկատվական տեխնոլոգիաների լայն կիրառումը
SocietyՀայաստանում կարևորում են զբոսաշրջության ոլորտում տեղեկատվական տեխնոլոգիաների ներդրումն ու լայն կիրառումը զբոսաշրջիկներ ներգրավելու համար: Մայիսի 15-ին ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում տեղի ունեցավ քննարկում «Զբոսաշրջության ոլորտում ՏՏ լուծումների ներդրման խնդիրները, առաջարկները և գաղափարները» թեմայով: Քննարկումը նախաձեռնել են զբոսաշրջության պետական կոմիտեն և Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռն արկությունների միությունը:
ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության զբոսաշրջության պետական կոմիտեի նախագահ Զարմինե Զեյթունցյանը կարևորեց զբոսաշրջության ոլորտում տեղեկատվական տեխնոլոգիաների լայն կիրառումը:
Նրա խոսքով տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառումը հնարավորություն է տալիս զբոսաշրջիկներին մինչև երկիր այցելելը որոշակի պատկերացումներ կազմել, իսկ արդեն Հայաստան այցելելու ժամանակ կկարողանա օգտվել Տեղեկատվական տեխնոլոգիաների ընձեռած հնարավորություններից` իր հանգիստն ու ճամփորդությունն ավելի արդյունավետ ու որակյալ կազմակերպելու համար: «Ես բերեմ թարմ մի օրինակ:
Օրերս, երբ մենք Սյունիքի մարզ էինք գնում, հանդիպեցինք մի գերմանացի զբոսաշրջիկի, որին ուղեկցեցինք Զորաց քարեր, այնուհետև` Տաթև: Ճանապարհին մենք հարցաքննում էինք նրան ու պարզեցինք, որ երիտասարդ զբոսաշրջիկների մեծ մասը որևէ երկիր այցելելուց առաջ համացանցից տեղեկություններ է հավաքում այդ երկրի մասին, ներբեռնում են այդ ինֆորմացիան իրենց հեռախոսների մեջ և հեշտացնում են իրենց ճամփորդությունը:
Օրինակ, այդ գերմանացի զբոսաշրջիկը գիտեր, թե քանի կիլոմետր է մնացել մինչև Զորաց քարեր հասնելը, գիտեր, որ պետք է մնար Տաթև գյուղում Ալիսի տանը, որովհետև ինքն արդեն այդ ինֆորմացիան էլ ուներ: Եվ հիմա մենք նախաձեռնել ենք այս քննարկումը, որպեսզի հասկանանք, թե տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի ներկայացուցիչները ինչ նոր գաղափարներ կարող են առաջարկել, որոնք մենք կարող ենք կիրառել»,- ասաց Զեյթունցյանը:
Նա վստահություն հայտնեց, որ ՀՀ-ում ՏՏ ոլորտի մասնագետները ունեն փայլուն գաղափարներ, որոնք կարելի է կյանքի կոչել: Զարմինե Զեյթունցյանը նշեց, որ քննարկման նպատակը հենց նման գաղափարներին ծանոթանալն է: «Մենք Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանի հետ քննարկել և որոշել ենք «Դիջիթեք» բիզնես ֆորումի ընթացքում կազմակերպել «Զբոսաշրջություն և տեղեկատվական տեխնոլոգիաներ» թեմայով հետաքրքիր միջոցառում, որի ձևաչափը որոշելն այսօրվա հանդիպման նպատակներից մեկն է»,- եզրափակեÖ Զեյթունցյանը:
Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանն ընդգծեց, որ քննարկման նպատակն է հասկանալ, թե ինչ գաղափարներ կան, որոնք կարող են նպաստել զբոսաշրջիկների համար գրավիչ լինել ու նպաստել Հայաստան զբոսաշրջիկների հոսքի ավելացմանը: «Նաև մենք ցանկանում ենք հասկանալ, թե զբոսաշրջության հետ կապված ինչ միջոցառումներ կարող ենք անցկացնել «Դիջիթեք» բիզնես ֆորումի շրջանակներում»,- ընդգծեց Վարդանյանը: