Գծատերեր չենք ունենա, կունենանք օպերատոր. նախարար
SocietyՀայաստանում մեկ կամ մի քանի օպերատորների կողմից տրանսպորտային համակարգի սպասարկման ծրագիրը մշակման փուլում է: Այս մասին մայիսի 5-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը: Նրա խոսքով` ծրագիրը քննարկվում է և մինչև հունիս կլինի դրա տեխնիկական առաջադրանքը:
«Գծատեր չենք ունենա, կունենանք օպերատոր կամ օպերատորներ: Նախատեսվում է նաև միասնական տոմսերի ներդրման համակարգի կյանքի կոչում. քարտ, որով կարելի է նստել ցանկացած ուղղությամբ գնացող երթուղային տաքսի կամ այլ տրանսպորտային միջոց»,- ասաց նախարարը:
Մարտիրոսյանի խոսքով` նախարարության դիրքորոշումն է, որ լավ տրանսպորտային համակարգ ունենանք: Նախարարն անդրադարձավ նաև տաքսիներին և նշեց, որ վերջերս նախարարության կողմից նրանց նկատմամբ եղավ խիստ վերահսկողություն և հանրության կողմից այն լավ ընկալվեց, սակայն տաքսու վարորդների կողմից ոչ այդքան:
«Այսօր տաքսի ծառայությունն այն բավարար մակարդակին չի, որը կուզենայինք տեսնել: Խոսքը վերաբերում է մեքենաների և վարորդների որակին: Մենք նորից շարունակական քայլեր ենք անելու, որ բոլորն աշխատեն նախևառաջ հավասար պայմաններում և օրենքի գերակայությամբ»,- հավելեց Մարտիրոսյանը: