Փողային նվագախմբերի շքերթ` Մայիսյան եռատոնին ընդառաջ
SocietyԱյս տարի Մայիսյան հաղթանակների եռատոնի մեկնարկը կտրվի փողային նվագախմբերի շքերթով։ ՀՀ Մշակույթի նախարարությունում տեղի ունեցած ասուլիսում երգահան Արա Գևորգյանը և ժամանակակից արվեստի վարչության պետ Արմինե Ղազարյանը ներկայացրին շքերթի ծրագիրը։
Արմինե Ղազարյանը նշեց, որ Մայիսյան եռատոնին ընդառաջ կազմված այս գեղեցիկ նախաձեռնության կայծը տվել է Արա Գևորգյանը։
«Իր գաղափարական և նպատակային առումներով սա շատ կարևոր և ոգևորիչ ծրագիր է: Առաջարկը անմիջապես ընդունվել է ՀՀ Մշակույթի նախարար Արմեն Ամիրյանի կողմից»,- ասաց նա։
Երգահան Արա Գևորգյանը ցավով է նշում, որ ՀՀ-ում, ի տարբերություն խորհրդային ժամանակների, փողային նվագախմբերի սակավություն կա: «Այս առումով նախաձեռնությունը նաև նրա համար է, որպեսզի քարոզվի արվեստի այս գեղեցիկ ճյուղը, որը ես անվանում եմ ցերեկային հրավառություն»,- հավելեց երգահանը։
Բանախոսները կարևորեցին հատկապես այն հանգամանքը, որ նախաձեռնությանը միացել են նաև մարզերը։ Շքերթին մասնակցում է մոտ 360 երեխա և 14 նվագախումբ։ Արա Գևորգյանը հույս հայտնեց, որ այս նախաձեռնությունը կանցկացվի ամեն տարի։
Փողային նվագախմբի շքերթի մեկնարկը կտրվի մայիսի 7-ին, ժամը 12։00-ին, Մատենադարանի առջևից։ Երթը կանգ կառնի Ֆրանսիայի հրապարակում, ապա յուրաքանչյուր նվագախումբ կուղղվի դեպի մայրաքաղաքի տարբեր հարթակներ, որտեղ կկատարեն տոնական ստեղծագործություններ /30-40 րոպե/։ Միջոցառումը կեզրափակվի Սախարովի հրապարակում, որտեղ բոլոր նվագախմբերը միասին կկատարեն Էդգար Հովհաննիսյանի «Էրեբունի-Երևան» ստեղծագործությունը և Բաղդասար Գրիգորյանի «Արարատ» քայլերգը։ Միջոցառման ավարտին Արմեն Ամիրյանի կողմից սպասվում է անակնկալ։