Եվրոպայի առաջնություն. Կարապետ Չալյանը եւ Մաքսիմ Մանուկյանը դուրս եկան քառորդ եզրափակիչ
SportՄաքսիմ Մանուկյանը եւ Կարապետ Չալյանը երկրորդ հաղթանակները տարան Սերբիայում ավարտին մոտեցող հունահռոմեական ըմբշամարտի Եվրոպայի առաջնության վերջին օրը եւ դուրս եկան քառորդ եզրափակիչ:
75 կգ քաշային Կարապետ Չալյանը 1/8 եզրափակիչում 2:1 հաշվով հաղթեց թուրք Էմրե Կուշին: Չալյանի հաջորդ մրցակիցը կլինի հունգարացի Տամաշ Լորինցը: Գյումրեցի ըմբիշը պայքարը սկսել որակավորման փուլից, որտեղ 6:2 հաշվով հաղթել էր սերբ Վիկտոր Նեմեսին:
85 կգ քաշային կարգում Մաքսիմ Մանուկյանը 1/8 եզրափակիչում 2:0 հաշվով հաղթեց սերբ Դեյան Ֆրանկյովիչին, որը որակավորման փուլում պայքարից դուրս էր թողել Ռիո-2016 օլիմպիական չեմպիոն, ռուսաստանցի Դավիդ Չակվետաձեին (7:4): Որակավորման փուլում Մանուկյանը 2:1 հաշվով ուժեղ էր գտնվել վրացի Ռոբերտ Կոբիաշվիլուց: Քառորդ եզրափակիչում հայ ըմբիշը կհանդիպի Գերմանիան ներկայացնող Ռամսին Ազիսիրի հետ:
Ռաֆայել Ալեքսանյանը (71 կգ) որակավորման փուլում 1:6 հաշվով պարտվել էր թուրք Մուրատ Դագին, իսկ Սարգիս Քոչարյանը (80 կգ) մեկնարկել էր 1/8 եզրափակիչից՝ 1:2 հաշվով պարտվելով ուկրաինացի Դիմիտրո Պիշկովին: Եթե Ալեքսանյանին ու Քոչարյանին հաղթած ըմբիշները հասնեն եզրափակիչ, նրանք հնարավորություն կստանան պայքարել բրոնզե մեդալի համար:
Հիշեցնենք, որ հունահռոմեական ըմբշամարտի Եվրոպայի առաջնության առաջին օրը Օլիմպիական չեմպիոն Արթուր Ալեքսանյանը բրոնզե մեդալ էր նվաճել 98 կգ քաշային կարգում, իսկ Գեւորգ Ղարիբյանը (59 կգ), Կարեն Ասլանյանը (66 կգ) եւ Վաչիկ Եղիազարյանը (130 կգ) հաջող հանդես չէին եկել: