Արամ Ոսկանյան. Հասարակ դիրքերում սխալվում ենք, նվեր ենք տալիս մրցակցին
Sport«Բանանցի» գլխավոր մարզիչ Արամ Ոսկանյանը Հայաստանի առաջնության 26-րդ տուրի «Արարատի» դեմ խաղից հետո պատասխանել է լրագրողների հարցերին:
«Շնորհավորում եմ «Արարատին»: Երկուստեք բարդ հանդիպում էր և ավելի շատ պայքար էր դաշտում: Գնդակը դաշտի կենտրոնում գրեթե չէր մնում, և թիմերը փորձում էին երկար փոխանցումներով խաղալ:
«Արարատի» մոտ երկրորդ գնդակ հավաքելն ավելի լավ էր ստացվում: Ինչ-որ առումով նաև դաշտը թույլ չէր տալիս: Վերջնամասում կարողացանք ճնշում գործադրել, բայց չկարողացանք դա վերածել գոլի: Հասարակ դիրքերում շատ ենք սխալվում, նվեր ենք տալիս և բնական է, որ մրցակիցն օգտվում է»,- Արամ Ոսկանյանի խոսքերն է փոխանցում «Բանանցի» պաշտոնական կայքը:
Մարզիչը խոսել է նաև բաց թողած գոլի դրվագի մասին, ինչպես նաև իր դժգոհությունն է հայտնել թիմի հարձակման գծից.
«Գոլի դրվագում էլ հասարակ դիրքում կորցրեցինք գնդակը, հետևեց երկար փոխանցում և զարմանալի է, թե ինչպես չենք կարողանում հասկանալ, թե որտեղ է իջնելու գնդակը, երբ հետևում է 70 մետրից փոխանցում: Հարձակման գծից գժգոհ եմ, քանի որ գոլեր չենք խփում:
Բայց գոլեր ուղղակի կամ պատահական չեն խփվում: Պետք է կարողանանք կառուցել գոլը: Եթե չկա վերջին փոխանցում, հասարակ կասեցումներ չեն լինում, փոխանցումները ճշգրիտ չեն, գոլ խփելը շատ բարդ է: Ունեցանք բազմաթիվ ստանդարտ իրավիճակներ, որոնք պետք է կարողանայինք օգտագործել, բայց փոխանցում չկա»,- եզրափակել է իր խոսքը Ոսկանյանը:
Հիշեցնենք՝ «Բանանցը» մրցակցի հարկի տակ 0:1 հաշվով պարտություն էր կրել «Արարատից», իսկ Արկադի Անդրեասյանի թիմի կազմում միակ ու հաղթական գոլը հեղինակել էր Դավիթ Մինասյանը: