Գյումրիում տեղի ունեցավ տոնական միջոցառում նվիրված Շուշիի ազատագրման 25- ամյակին
SocietyԳյումրու «Հոկտեմբեր» կինոթատրոնում մայիսի 8-ին տեղի ունեցավ տոնական միջոցառում՝ նվիրված Շուշիի ազատագրման 25-ամյակին:
Միջոցառմանը ներկա էին նաև մարզային ու քաղաքային իշխանության ներկայացուցիչները՝ Շիրակի մարզպետ Հովսեփ Սիմոնյանի, Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանի գլխավորությամբ: Ներկաներին ողջունեց Շիրակի մարզպետ Հովսեփ Սիմոնյանը՝ նշելով, որ Շուշիի ազատագրումը մեծ ցնծություն էր բոլորի համար:
«Այդ ժամանակ մենք մտած էինք այդ պայքարի մեջ, մեր տարիքն այն տարիքն էր, որ հայրենասիրությամբ լցված, մտածում էինք, որ վերջապես այդ օրը պիտի գա՝ Շուշին ազատագրվի, բավական հայորդիներ, այդ թվում նաև մեր Գյումրիի ջոկատն առաջինն իր վրա վերցրեց այդ ամբողջ հարվածը, որից հետո նոր Շուշին ազատագրվեց, բնական է, մեզ համար մեծ ցնծություն էր: Այդ օրը մեր պատմության մեջ ամենափառապանծ օրն է, 25 տարի առաջ առաջին անգամ մենք կարողացանք անել այն, ինչը մտածում էինք, որ անհնարին է:
Ինչի ենք մենք կարեւորում այս օրը, որովհետեւ Շուշիով սկսվեց ընդհանրապես Արցախի ազատագրման պրոցեսը»,-նշեց Հովսեփ Սիմոնյանը՝ շնորհավորելով բոլորին այդ տոնի առթիվ:
«Շնորհավորում եմ մեզ բոլորիս այս գեղեցիկ օրվա կապակցությամբ եւ ամենակարեւորը ես ցանկանում եմ մեր ժողովրդին խաղաղ երկինք, որովհետեւ ամենաթանկը՝ ժամանակն էլ դա ապացուցեց՝ խաղաղությունն է»,- հավելեց մարզպետը:
Քաղաքապետը ողջունելով ներկաներին՝ շնորհավորեց մայիսյան հաղթական տոների կապակցությամբ: Քաղաքապետը խոսեց Հայրենական Մեծ պատերազմում խորհրդային բանակի տարած փայլուն հաղթանակի, այդ հաղթանակում մեր հայրենակիցների անձնուրաց պայքարի մասին, ապա նաև՝ 1992 թվականին հայ կամավորականների կողմից Շուշիի ազատագրման և մեր քաջորդիների սխրանքների մասին:
«Այս օրը ևս մեկ առիթ է մեր խոնարհումը բերելու եւ հարգանքի տուրքը մատուցելու բոլոր այն հերոսներին, որոնց անկոտրում կամքի, արիության, անձնուրաց պայքարի արդյունքում մեզ տրվել է ազատ հայրենիքում ապրելու իրավունք»,- նշեց Սամվել Բալասանյանը: Ելույթ ունեցավ Գյումրու ժողովրդական գործիքների պետական նվագախումբը, իսկ համերգը եզրափակեց Գյումրու կայազորի փողային նվագախումբը: