Խաչիկ Մանուկյանի առճակատումը կամ «անձի երկվության» սինդրոմ
Analysis6-րդ գումարման ԱԺ պատգամավորների մանդատների բաշխման նախորդած «Ծառուկյան» դաշինքի մի շարք թեկնածուների «անձի երկվության» համախտանիշի դրսևորումներին, ինչպես գիտենք, հաջորդեց նրանցից ոմանց հայտարարություններն առ այն, որ պատրաստ են մանդատը վայր դնել ԱԺ անդրանիկ նիստում։
Այս հայտարարությունները թերևս առավել քան տրամաբանական էին, քանի որ չնայած նրանց պնդումներին, թե իրենք մանդատից հրաժարվելու դիմում չեն գրել, հանրության համար ակնհայտ էր, որ այդ դիմումները գրվել են, ավելին՝ ոչ միայն նման դիմումներ են գրվել, այլև վերջիններս ունեցել են քաղաքական պայմանավորվածություններ, որոնք, ըստ էության, ցանկացած քաղաքական դաշինքի հիմքն են։
Այսինքն՝ ակնհայտ էր, որ այդ թեկնածուները, հետ վերցնելով իրենց դիմումները, ուղղակիորեն խախտել են քաղաքական պայմանավորվածությունը՝ դրանով ոտնահարելով ոչ միայն քաղաքական գործընթացներում քաղաքական գործչի սկզբունքայնության այսպես ասած կանոնը, այլև ոտնձգություն էին կատարել ընդհնարապես բարոյական ու մարդկային հարաբերությունների նորմերի նկատմամբ։
Այս իրադարձություններից հետո, օրերս հայկական պարբերականներից մեկն, անդրդառնալով այս գործընթացներին, նշել էր, թե մանդատից հրաժարվելու դիմում գրած, ապա այդ դիմումից հրաժարվելու դիմում գրած և վերջնական արդյունքում մանդատ ստացած թեկնածուներից Խաչիկ Մանուկյանը շարունակում է առճակատումը։ Այստեղ ընդհանրապես հետաքրքիր է, թե ինչ առճակատման մասին է խոսքը։ Վերջիվերջո փաստն այն է, որ, ի դեմս այս պահին ԱԺ պատգամավոր Խաչիկ Մանուկյանի, մենք ունենք գործիչ, որը պատրաստ է գնալ քաղաքական պայմանավորվածությունների, դրանց շրջանակում կատարել քայլեր, ապա հանուն պատգամավորական մանդատի հրաժարվել իր նախկին վարքագծից։
Կարո՞ղ է արդյոք նման քաղաքական գործիչը, նախկին հանրապետական պատգամավորը քաղաքական առճակատումների հավակնություններ ունենալ. վերջապես ում հետ է առճակատվում Մանուկյանը՝ Գագիկ Ծառուկյանի՞, «Ծառուկյան» դաշինքի՞, խորհրդարանական խմբակցությա՞ն, թե, այնուամենայնիվ, սեփական անձի հետ, քանի որ ընդամենը օրերի ընթացքում չի կարողանում պարզել ինքն իր համար՝ գրել է դիմում, թե չի գրել, վերցնում է մանդատ, թե չի վերցնում։
Չնայած վերջին կետով պետք է նշել, որ, այնուամենայնիվ, մանդատը չափազանց գայթակղիչ դուրս եկավ։ Սակայն այստեղ թերևս պետք է խոսել մի շարք այլ իրողությունների մասին։
ԿԸՀ նիստի օրը, ինչպես գիտենք, նույն Մանուկյանը լուրեր էր տարածում, թե իրեն ահաբեկում են. այս լուրերը, ինչպես պարզվեց, հերյուրանքներ էին։ Թերևս Մանուկյանը ինքն իրենից էր ահաբեկվել, քանի որ պետք է որ զգար, որ ոչ քաղաքականության մեջ, ոչ էլ ընդհանրապես որևէ այլ ոլորտում, սկսած ու վերջացրած մարդկային հարաբերություններից, անսկզբունքային անձինք իրենց արժանի տեղն են ստանում։
Վերջապես այս իրողությունների ֆոնին առավել կարևոր է մեկ հարց՝ արդյո՞ք Խաչիկ Մանուկյանի քաղաքական նկարագիրն ունեցող քաղաքական գործիչը կարող է «զարդարել» 6-րդ գումարման Ազգային ժողովը, կամ արդյո՞ք նման քաղաքական գործիչները իրենց խորհրդարանական գործունեության ընթացքում ի զորու են հանդես գալ պետության և հայաստանյան հասարակության շահերի պաշտպանությամբ այն դեպքում, երբ հանուն պատգամավորական մանդատի պատրաստ են ոտնահարել ցանկացած սկզբունք։ Այս հարցի պատասխանը, չնայած ակնհայտ է, սակայն, այնուամենայնիվ, թող ընթերցողը որոշի ինքն իր համար։
Տիգրան Դավթյան