Երևույթների դրամատիզացումը և պարտադիր ավելի վատ գույներով ներկայացնելը դարձել Հայաստանի հասարակական կյանքի բաղադրիչներից մեկը: Եվ ոչ միայն դրամատիզացվում են երևույթները, այլև հաճախ մի խումբ մարդկանց շահերի համար արվող գործողությունները ներկայացվում են որպես ինքնաբուխ ժողովրդական ակցիա և 2 միլիոնից ավելի փաստացի բնակչություն ունեցող երկրում մի քանի տասնյակ կամ թեկուզ մի քանի հազար մարդու մասնակցությամբ բեմադրված գործողության մասնակիցներին կպցվում է «ամբողջ ժողովուրդ» անունը, այնինչ հաճախ գործ ենք ունենում ընդամենը «մասովկայի» հետ:
Ինչպես իրենց ընդդիմություն համարողների հանրահավաքների ժամանակ մի քանի հազար կուսակցական ակտիվիստներն ու ավտոբուսներով բերված մարդիկ ներկայացվում են որպես պայքարի դուրս եկած ժողովուրդ, այնպես էլ Կառավարության շենքի դիմաց հղիների նպաստի օրինագծի դեմ բողոքողները ներկայացվեցին որպես մի խումբ դժգոհող քաղաքացիներ: Ընդ որում, հետաքրքիրն այն էր, որ դժգոհողների շրջանում նկատվում էր հղիների դեֆիցիտ, չնայածտրամաբանորեն նրանց թիվը պետք է գոնե մեկից ավելի լիներ: Իսկ պատճառը նրանում է, որ այդ «դժգոհող քաղաքացիներն» իրականում «Կանանց ռեսուրսների կենտրոն» հասարակական կազմակերպության անդամներն են: Գաղտնիք չէ, որ այս հասարակական կազմակերպությունն աշխատում է արևմտյան դրամաշնորհներով, այսինքն՝ գրանտներով: Իսկ նման ակցիայի կազմակերպումն ու իրականացումը նույնպես աշխատանք է, որը չեմ հավատում, թե կարող է արվել հանուն մեր կանանց սիրուն աչքերի: Հետևաբար մարդիկ կատարում են իրենց աշխատանքը, ծրագիր են իրականացնում, բնականաբար՝ գրանտային:
Իսկ հղիների նպաստի մասին նոր օրինագիծը ուշադիր ուսումնասիրելու և հասկանալու դեպքում կտեսնենք, որ այդքան էլ վատ բան չէ, ինչպես ներկայացվում է, քանի որ, իրոք, օրինախախտումները շատ են լինում և անհրաժեշտություն կա ֆիլտրեր կիրառելու, որպեսզի հղի կանայք տարբեր զարտուղի ճանապարհներով չգրանցվեն մասնավոր և պետական սեկտորում և ապօրինաբար զգալի գումարներ ստանան պետությունից: Բայց դե Հայաստանում վաղուց են ապացուցել, որ մարդիկ օրինականություն չեն սիրում...
Ինչ վերաբերում է մեր տաղանդաշատ գրանտակերներին, նրանք պարզապես սխալ ուղղությամբ են օգտագործում իրենց տաղանդը: Օրինակ, դերասանական ունակությունները շատ ավելի արդյունավետ կլինի, եթե դրսևորեն թատերական ոլորտում, մանավանդ՝ այսօր մեր թատրոնները ակտիվանալու, աշխուժանալու կարիք ունեն: Պատկերացրեք, ի՞նչ վատ կլինի, եթե նույն կանայք գրանտ վերցնեն որևէ թատրոնի համար, այնտեղ բեմադրեն հետաքրքիր ներկայացում, իրենք էլ խաղան գլխավոր դերերում, իսկ եթե գլխավոր դերերի չձգեն էլ, ապա գոնե «մասովկա» կարող են լինել:
Կարեն Վարդանյան