Արարատի մարզում մթերվել է 82 հազար 425 տոննա խաղող
Արարատի մարզի խաղող մթերող գործարանները, հոկտեմբերի 23-ի տվյալներով, ընդհանուր առմամբ մթերել են ավելի քան 82 հազար 425 տոննա պտուղ:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Արարատի մարզպետարանի աշխատակազմի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետ Հայկազ Տերտերյանը, մարզում գտնվող 19 խաղող մթերող գործարաններից այս տարի մթերում իրականացնում է 15-ը' սկսած 100 դրամից («Շահումյան Վին» ՍՊԸ' մինչև 170 դրամ, «Վեդի Ալկո» ՍՊԸ-ն մթերումն իրականացվում է տարբեր գներով' կախված խաղողի տեսակից և որակից և այլն): Ավելի քան 20 հազար տոննա պահվում է սառնարանային տնտեսություններում' ձմռանը վաճառելու կամ արտերկիր արտահանելու նպատակով: Մարզում մասնագիտացված սառնարանային տնտեսություններ կան Վերին Արտաշատ համայնքում:
Այս տարի Արարատի մարզում սպասվում է շուրջ 112 հազար տոննա խաղողի բերք: Մարտի վերջին հանրապետությունում տեղի ունեցած ցրտահարությունից 30-50 տոկոսով տուժեցին մարզի 670 հա խաղողի վաղահաս սորտերը:
2013 թվականին մարզում արտադրվել էր 104 հազար տոննա խաղող, որից մթերվել էր 90 հազար տոննան' հիմնականում տեխնիկական տեսակները: Տերտերյանը նկատեց, որ չնայած տեղի ունեցած ցրտահարությանը, այնուամենայնիվ, այս տարի սպասվում է ավելի շատ բերք, քան նախորդ տարի, ինչը պայմանավորված է խաղողի այգիների ավելացմամբ և երիտասարդ տնկիների բերքատվությամբ:
Նախորդ տարի մարզում արտադրված խաղողը մթերել են հիմնականում Երևանի կոնյակի գործարանը, Երևանի կոնյակի, գինու կոմբինատի Մասիսի մասնաճյուղը, Արարատի գինու գործարանը, Պռոշյանի կոնյակի գործարանը, Երասխի գինու գործարանը' 1 կգ-ն սկսած 140 դրամից, առանձին տեսակները' 150 դրամ: Վարչության պետը նշեց, որ մթերող կազմակերպություններն արտադրողին գումարները տրամադրել են նշված ժամկետներում' տասն օրվա ընթացքում:
Լիլիթ Մաճկալյան