«Աերոֆլոտը» հավաստել է, որ հոկտեմբերի 26-ից սկսում է կանոնավոր թռիչքները Վրաստան
«Աերոֆլոտ-Ռուսաստանի ավիագծեր» բաց բաժնետիրական ընկերությունը հոկտեմբերի 26-ից բացում է Մոսկվա-Թբիլիսի երթուղով կանոնավոր չվերթերը, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ընկերության մամուլի ծառայությանը: Ամենօրյա չվերթերը կկատարվեն Մոսկվայի Շերեմետևո օդանավակայանից, տերմինալ D, Airbus A320 ինքնաթիռներով:
Ավելի վաղ «Ռոսավիացիան», վկայակոչելով Վրաստանի արտգործնախարարության նոտան, հաղորդել է Մոսկվա-Թբիլիսի և հետադարձ երթուղով կանոնավոր օդային հաղորդակցությունը վերականգնելու թույլտվության մասին: Թույլտվությունն ստացել են «Աերոֆլոտ», «ՎԻՄ-Ավիա», «Գլոբուս», «Սիբիր», «Տրանսաերո», «Ուրալսկիե ավիալինիի» և «ՅուՏեյր» ավիաընկերությունները:
Մինչև վերջին ժամանակներս ՌԴ-ից Վրաստան և հետադարձ ուղղությամբ իրականացվում էին միայն ուղիղ վարձերթային չվերթեր, դրանք կատարում էին մի քանի ավիաընկերություններ, այդ թվում՝ S7-ը և Georgian Airways-ը, հաղորդել է «Նովոստի Գրուզիան»: