Երեւանում առաջին անգամ անցկացվեց գլխի եւ պարանոցի հիվանդություններին նվիրված գիտաժողով
SocietyԵրեւանում առաջին անգամ անցկացվեց գլխի եւ պարանոցի հիվանդություններին նվիրված գիտաժողով: Միջոցառումը կազմակերպել էին «Երիտասարդ բժիշկների ասոցիացիան» եւ «Հայաստանի Երիտասարդ ակնաբույժների ասոցիացիան»:
Գիտաժողովի շրջանակներում զեկույցներով հանդես եկան ինչպես Հայաստանի, այնպես էլ Ռուսաստանի եւ Ուկրաինայի առաջատար մասնագետներ: Բժշկական ոլորտի մասնագետները քննարկեցին գլխի եւ պարանոցի, աչքի հիվանդությունների բուժման ժամանակակից մեթոդները, վերջիններս իրենց գործընկերների հետ կիսվեցին գիտական եւ պրակտիկ գործունեության փորձով:
«Երիտասարդ բժիշկների հայկական ասոցիացիա» ՀԿ նախագահ Գեւորգ Գրիգորյանն իր խոսքում նշեց. «Նման գիտաժողովների անցկացումը նպաստում է բժշկական հասարակության միավորմանը, ինչն անհրաժեշտ է միացյալ ստանդարտներով աշխատելու համար: Այսինքն, մենք պետք է մտածենք մի ուղղությամբ, ոլորտի զարգացումն էլ տեսնենք նույն ուղղությամբ»:
«Երիտասարդ ակնաբույժների հայկական ասոցիացիայի» նախագահ Արտաշես Զիլֆյանն էլ, խոսելով ակնաբուժության եւ տվյալ ոլորտում գործունեություն ծավալող մասնագետների մասին, ընդգծեց. «Հայաստանում ակնաբուժությունը գտնվում է բարձր մակարդակի վրա: Մեր երկրում կան մեծ թվով երիտասարդ բժիշկներ, որոնք վերապատրաստվել են արտասահմանում, տիրապետում են բուժական ու վիրաբուժական նոր մեթոդներին»:
Նրա խոսքերով՝ ինչպես Հայաստանում, այնպես էլ ամբողջ աշխարհում, առավել տարածված է կատարակտը, ուռուցքները: Արտաշես Զիլֆյանը նշեց, որ աչքի բոլոր հիվանդություններն այսօր հաջողությամբ բուժում են Հայաստանում, սակայն շատ կարեւոր է նաեւ մասնագետների միջեւ փորձի փոխանակումը:
Միջոցառման կազմակերպիչները, կարեւորագույն նապատակ համարելով առողջական խնդիրներ ունեցողների տեղեկացվածության ու հիվանդությունների դեմ կանխարգելման հարցը, հավաստիացրեցին, որ նման գիտաժողովներն ունենալու են շարունակական բնույթ:
Սոսե Չանդոյան