Արմավիրում հողին են հանձնել ջրահեղձ եղած զինծառայողին
SocietyNews.am-ը գրում է.
Արմավիրի մարզի Գայի գյուղում այսօր՝ մայիսի 13-ին, հողին են հանձնել Արցախի ՊԲ հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի մոտ ջրամբարում ջրահեղձ եղած զինծառայող Ռուբեն Մնացականյանին: Նրան հողին են հանձնել գյուղի գերեզմանատանը: Ջրահեղձ եղած զինծառայողի հուղարկավորությանը ներկա են եղել ՊՆ պաշտոնյաներ, ԶՈւ բարձրաստիճան սպաներ, նրա ծառայակից ընկերները:
Հիշեցնենք, որ Ռուբեն Մնացականյանին հայտնաբերել էին մայիսի 11-ին՝ ջրամբարում ջրահեղձ լինելուց երեք օր անց:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ մայիսի 8-ի առավոտյան ՊԲ հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկում տեղի է ունեցել դժբախտ պատահար: Ըստ նախնական տվյալների, ավտովթարի հետեւանքով, զորամասին հարակից ջրամբարում ջրահեղձ են եղել ՊԲ զինծառայողներ Ռուբեն Մնացականի Բարսեղյանը (ծնվ. 1998թ.), Ռաֆայել Արթուրի Բիշարյանը (ծնվ. 1997թ.) եւ Ռուբեն Հովհաննեսի Մնացականյանը (ծնվ. 1998թ.): Որոնողական աշխատանքների արդյունքում նույն օրը հայտնաբերվել էին Ռուբեն Բարսեղյանի եւ Ռաֆայել Բիշարյանի մարմինները:
Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրի 377-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված հանցագործության հատկանիշներով: Կատարվում է նախաքննություն: