Արծվիկի թիկունքում կանգնած է բավականին ուժեղ պատվիրակություն. Իվետա Մուկուչյան
LifestyleԼife.panorama.am-ը գրում է.
Այսօր Ուկրաինայի մայրաքաղաք Կիեւում կկայանա «Եվրատեսիլ-2017»-ը: Հեղինակավոր այս մրցույթին կներկայանան 26 երկրների ներկայացուցիչներ, իսկ Հայաստանը ներկայացնող Արծվիկը ելույթ կունենա 5-րդ համարի ներքո:
Ինչպես արդեն հայտնի է, այս տարի «Եվրատեսիլ-2017»-ում հայաստանյան միավորները կհայտարարի «Եվրատեսիլ-2016»-ի ներկայացուցիչ Իվետա Մուկուչյանը: Life.panorama.am-ի զրույցում Իվետան իր ոգեւորիչ խոսքն է հղել Արծվիկին՝ հիշելով, որ մեկ տարի առաջ ինքն է ապրել միեւնույն հուզմունքն ու զգացողությունները, ինչն այսօր ունի մեր ներկայացուցիչը:
«Բացի հաջողությունից, Արծվիկին մաղթում եմ, որպեսզի կարողանա հաղթահարել հուզմունքն ու վայելի իր ելույթը, քանի որ ինչքան նա կարողանա վայելել պահը, այնքան ավելի կգրավի հանդիսատեսին: Միայն այդպես է ստեղծվում անկեղծ կապը արտիստի եւ հանդիսատեսի միջեւ: Արծվիկի թիկունքում կանգնած է բավականին ուժեղ պատվիրակություն ու հավատարիմ ազգ: Ինքս էլ ինչքանով կարողացել եմ, փորձել եմ օգնել նրան, այսօր էլ օգնում եմ եւ ապագայում էլ պատրաստ եմ օգնել բոլոր հարցերում»,- նշեց Իվետան ու անդրադարձավ Արծվիկի ելույթին.
«Շատ ուժեղ բեմադրություն է արված «Fly with me» երգի համար: Մեր երկիրն իր ելույթով տարբերվում է շատ մասնակիցներից եւ ես ավելի քան վստահ եմ, որ մենք այս տարի լավագույնների շարքում կլինենք: Բոլորին կխնդրեմ նախորդ տարիների մասնակիցներին չհամեմատել միմյանց հետ, քանի որ ամեն տարի այս մրցույթն անկանխատեսելի է: Այս տարի մենք ապացուցեցինք, որ կրկին ու կրկին կարող ենք եվրոպական հանդիսատեսին զարմացնել նոր գույներով ու ոճով»,- ավարտեց երգչուհին:
Life.panorama.am-ը միանում է Իվետա Մուկուչյանի ոգեւորիչ խոսքին եւ եվրատեսիլյան մեծ բեմում Արծվիկին մաղթում վստահ ու հաջող ելույթ:
Հեղինակ՝ Անուշիկ Մելքոնյան