Առաջիկա տարիներին ամենագրավիչը կլինի ԱՄՆ-ի շուկան. Հայ ոսկերիչների համաշխարհային ասոցացիայի նախագահ
EconomicsԱռաջիկա տարիներին ոսկերիչների համար ամենագրավիչը կլինի ԱՄՆ շուկան: Այս մասին հայտնել է Հայ ոսկերիչների համաշխարհային ասոցացիայի (AJA) նախագահ Սարգիս Նուրյանը` «Yerevan Show» ոսկերչական ցուցահանդեսի ընթացքում:
Իհարկե, ավանդաբար շատ են սպառում Հնդկաստանում եւ Չինաստանում, սակայն ԱՄՆ-ում գները ձեռնտու են: Բացի այդ, ԱՄՆ-ը Հայաստանին մաքսային GSP արտոնություններ է հատկացնում, որը թույլ է տալիս այնտեղ արտահանել զրոյական կամ ցածր մաքսային տուրքերով:
«Դա մեզ շատ է օգնում: Արտահանմանը օգնել է նաեւ ՀՀ կառավարությունը` հիմնելով «Մերիդիան» ազատ տնտեսական գոտին, որտեղ ոսկերչական ընկերությունները կարող են արտադրել ու արտահանել գրեթե առանց հարկերի ու տուրքերի», - նշել է Նուրյանը:
«Ազատ գոտում արդեն աշխատում են տեղական ընկերությունները, ինչպես նաեւ Ստամբուլի հայերի հիմնած 2 դուստր ձեռնարկություն:Այնտեղ աշխատող շատ վարպետներ սիրիահայեր են», - նկատել է AJA-ի նախագահը:
Այդ ընկերություններից մեկը հաջողությամբ արտահանում է Ռուսաստան, մյուսը` ԱՄՆ:
«Տարեցտարի տեղական զարդերն ավելի որակյալ են դառնում: Երբ մի քանի տարի առաջ տեղական աշխատանքները ցուցադրում էին Լաս Վեգասում, նկատելի էր, որ դրանք մի փոքր դժվարությամբ են պատրաստվել: Սակայն հիմա այստեղ կա եւ փորձ, եւ ժամանակակից սարքավորումներ», - նշել է Նուրյանը: