Հայ շախմատիստները կմասնակցեն «Աշխարհի պատանի աստղեր» միջազգային մրցաշարին
SportՌուսաստանի Կիրիշի քաղաքում մայիսի 16-ին տեղի կունենա «Աշխարհի պատանի աստղեր» միջազգային շախմատային մրցաշարի բացման արարողությունը:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` մրցաշարը հանդիսանում է Եվրոպայի պատանեկան Գրան Պրիի խաղարկության առաջին փուլը: Պատանեկան Գրան Պրիի 2-րդ փուլը տեղի է ունենալու ս.թ. հոկտեմբերի 3-16-ը Ջերմուկում, իսկ 3-րդ մրցաշարը Կիրիշի քաղաքում` 2018 թվականի մայիս ամսին: «Աշխարհի պատանի աստղեր» մրցաշարում Հայաստանը կներկայացնեն միջազգային վարպետներ Արամ Հակոբյանը (2449) և Շանթ Սարգսյանը (2409): Մրցաշարին կմասնակցեն նաև միջազգային վարպետներ Կիրիլ Շևչենկոն (2491, Ուկրաինա), Միխայիլ Նիկիտենկոն (2408, Բելառուս), Պաուլուս Պուլտինյավիչյուսը (2395, Լիտվա), ՖԻԴԵ-ի վարպետներ Կաասեն Տոր Ֆրեդրիկը (2402, Նորվեգիա), Լամպրոս Գյանոուլակիսը (2330, Հունաստան), Վյաչեսլավ Զառուբիցկին (2325, Բելառուս), Կիրիլ Շուբինը (2287, Ռուսաստան), Նիկոլոզի Կաչարավան (2180, Վրաստան), ինչպես նաև պատանի շախմատիստներ Սերգեյ Լոբանովը (2429, Ռուսաստան), Կիրիլ Շյոտկինը (1594, Ռուսաստան):
Մրցաշարի խաղային օրերն են մայիսի 17-21-ը և 23-28-ը: Մայիսի 22-ը հանգստյան օր է: 1-10-րդ տուրերի պարտիաների մեկնարկը Երևանի ժամանակով 16:00-ին: Վերջին տուրինը՝ Երևանի ժամանակով 11:00-ին: