Թանգարանների գիշերը կանցնի «Ցավոտ պատմություններ. դժվար պատմելին թանգարաններում» խորագրով
Culture«Թանգարանների գիշեր» համաեվրոպական միջոցառումը կանցկացվի մայիսի 20-ին, որն ամեն տարի իրականացվում է մայիսի 18-ին նշվող Թանգարանների միջազգային օրվա շրջանակում: Այս մասին տեղեկացրին ՀՀ մշակույթի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից:
Թանգարանների միջազգային օրը նշվում է 1977 թվականից` Թանգարանների միջազգային խորհրդի /ԻԿՕՄ/ նախաձեռնությամբ: Օրվա նպատակն է բարձրացնել թանգարանների դերը հասարակության սոցիալ-մշակութային կյանքում, ստեղծել նպաստավոր միջավայր թանգարանային առարկաների հանրահռչակման համար: «Թանգարանների գիշեր» ծրագիրը մեկնարկել է 2005 թվականից` Ֆրանսիայի մշակույթի և հաղորդակցության նախարարության նախաձեռնությամբ` ԻԿՕՄ-ի, ՅՈՒՆԵՍԿՕ-ի և Եվրախորհրդի հովանավորությամբ:
2017 թվականին Հայաստանում և Արցախում միջոցառումներին մասնակից թանգարանների թիվը 113-ն է: Ինչպես նախորդ տարիներին, այս տարի ևս «Թանգարանների գիշեր» ակցիային և Թանգարանների միջազգային օրվան միացել են մի շարք նոր թանգարաններ: Այս օրերի ընթացքում 113 թանգարան բազմաբովանդակ միջոցառումներով իրենց դռները կբացեն հանրության առջև՝ հնարավորություն ընձեռելով մեկ անգամ ևս հետադարձ հայացք գցելու հայ ժողովրդի հազարամյակների պատմությանն ու մշակութային ժառանգությանը:
Այս տարվա կարգախոսն է` «Ցավոտ պատմություններ. դժվար պատմելին թանգա րաններում»: Նշված թեման հնչեցվել է ԻԿՕՄ-ի հայկական թանգարանների ազգային կոմիտեի կողմից` ԻԿՕՄ-ի գագաթնաժողովի ժամանակ և նպատակ է ունեցել անդրադարձ կատարելու համամարդկային խնդիրներին` դիտարկելով դրանք հումանիզմի տեսանկյունից:
Թանգարանների միջազգային օրվա, Թանգարանների գիշերվա առիթով կազմակերպվող միջոցառումների շրջանակում, մայիսի 19-ին, Հայաստանի ազգային գրադարանում կբացվի Գրատպության թանգարանը: