ՀՀԿ-ում «դասականը» հաղթեց «ռաբիզին»
AnalysisՊարզվում է՝ իշխող ՀՀԿ-ում ամենամաքուր ու ամենաանխոցելի անձնավորությունը Արա Բաբլոյանն է, դրա համար է նրա թեկնածությունն առաջադրվել՝ որպես ԱԺ 6-րդ գումարման Ազգային ժողովի նախագահի թեկնածու: Իրենց թեկնածուին ներկայացնելիս այս մասին հստակ ասաց նորընտիր խորհրդարանի ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը: Ի պաշտպանություն այս պահին արդեն ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի թեկնածության՝ Հրայր Թովմասյանն էլ իր հերթին նշեց, որ Բաբլոյանը չի ընկալվում որպես Հանրապետական կուսակցության կարկառուն ներկայացուցիչ և հասարակությունը նրան հարգում է որպես հայտնի բժշկի և պարկեշտ մարդու:
Հիշեցնենք, որ ի տարբերություն ԱԺ նախկին ղեկավարների՝ Արա Բաբոլյանը երբեք չի եղել ՀՀԿ գերագույն մարմնի անդամ: Բացի այդ, նա երբեք չի հանդիսացել նաև ՀՀԿ կուսակցական վերնախավի ներկայացուցիչ:
Այսինքն, այս տարիների ընթացքում արատավոր երևույթներից զերծ մնացած անձինք են հիմա պետք իշխող Հանրապետականին, որպեսզի ինքնամաքրմանն ուղղված քայլերն ինչ-որ տեղ հաջող ընթանան:
Ստացվում է՝ ՀՀԿ-ի ինքնամաքրումը բերել է նաև ինքնախոստովանության, որը հույս է ներշնչում, որ առաջիկայում հին, հոգնած ու ռաբիզից թոշնած կադրերի նվազում կլինի նաև մնացած ոլորտներում: Իսկ նրանց կփոխարինեն ոչ թե դպրոցական նստարանից ՀՀԿ-ականի տարբերանշանը հոգում, մտքում ու կրծքին մեծացած չինովնիկության «թեկնածուները» կամ պապաների «անձրևանոցի» տակ մեծացածները, այլ իրենց ուժերով աճած, բանիմաց ու գրագետ մասնագետները:
Արմինե Գրիգորյան