Օբամեյանգը շրջանցեց Լեւանդովսկուն եւ դարձավ Բունդեսլիգայի լավագույն ռմբարկու
SportՖուտբոլի Գերմանիայի 54-րդ առաջնության լավագույն ռմբարկուի մրցանակը բաժին հասավ Դորտմունդի «Բորուսիայի» գաբոնցի հարձակվող Պյեր-Էմերիկ Օբամեյանգին:
Բրեմենի «Վերդերի» դեմ վերջին՝ 34-րդ տուրի խաղում (4:3) Օբամեյանգը դարձավ դուբլի հեղինակ եւ գոլերի քանակը հասցրեց 31-ի: Նա մեկ գնդակ առաջ անցավ Մյունխենի «Բավարիայի» լեհ հարձակվող Ռոբերտ Լեւանդովսկուց, որը չկարողացավ գոլ խփել «Ֆրայբուրգի» դեմ վերջին տուրի խաղում (4:1):
Ռմբարկուների ցուցակում երրորդ տեղը գրավեց «Քյոլնի» ֆրանսիացի հարձակվող Անտոնի Մոդեստը, որը խփեց 25 գոլ: Տիմո Վերները («Լայպցիգ») դարձավ 21 գոլի հեղինակ, իսկ Մարիո Գոմեսը («Վոլֆսբուրգ»)՝ 16:
Հիշեցնենք, որ Գերմանիայի նախորդ առաջնությունում Ռոբերտ Լեւանդովսկին լավագույն ռմբարկու էր ճանաչվել 30 գոլով: Օբամեյանգն առաջին անգամ է արժանանում այս մրցանակին:
Գերմանիայի առաջնության պատմության մեջ երկրորդ անգամ 2 խաղացողներ խփում են 30 գոլ: Նման բան եղել էր միայն 1973/74 մրցաշրջանում, երբ 30 գոլի սահմանագիծը հատել էին Գերդ Մյուլերն ու Յուպ Հայնկեսը: