Տաթևիկ Սազանդարյանի ծննդյան 100-ամյակը նշվեց գեղեցիկ համերգային ծրագրով
CultureՕպերային երգչուհի Տաթևիկ Սազանդարյանի ծննդյան 100-ամյակի կապակցությամբ` մայիսի 20-ին Ալ.Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում համերգային ծրագիր անցկացվեց: Համերգ-ներկայացումը կրում էր «Առաջին-Տաթևիկ» խորագիրը:
«Այս համերգային ծրագիրը արժանի հատուցում է Տաթևիկ Սազանդարյանի անցած ուղուն, կենսագրությանը և դասական արվեստում նրա թողած ժառանգությանը: Հեռուստատեսությունում և ռադիոյում աշխատելիս առիթ եմ ունեցել առնչվելու նրա մեծանուն երգչուհու և մանկավարժի հետ ու պետք է ընդգծեմ, որ Սազանդարյանն արվեստի բացառիկ նվիրյալ էր: Նրա երգչուհի և մարդ տեսակը մեր այսօրվա և վաղվա փրկության ամենակարևոր մասն է»,- նշեց Հայաստանի մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը:
Ռեժիսոր Արմեն Մելիքսեթյանի խոսքով՝ Տաթևիկ Սազանդարյանն անմիջական անձնավորություն էր: «Ես դեռ ուսանող էր, երբ ծանոթացա նրա հետ: Երբեք անջրպետ չեմ զգացել ՍՍՀՄ ժողովրդական արտիստի և ուսանող հարաբերություններում: Ջերմ էր ու նրբանկատ»,-ասաց Մելիքսեթյանը և հավելեց, որ Տաթևիկ Սազանդարյանի կատարմամբ հատկապես հավանում է Փառանձեմի, Կառմենի և Աննաի դերերգերը:
Ծրագրի կազմակերպիչ Տաթևիկ Հարությունյանը շեշտեց, որ համերգ-ներկայացման մտահաղացումը պատկանում է Տաթևիկ Սազանդարյանի թոռնուհի Զարուհի Խանջյանին, որը անժամանակ հեռացել է կյանքից: «Համերգ-ներկայացմանը նկարազարդումներ կներկայացվեն էկրաններին բոլոր ստեղծագործությունները կատարելիս»,- եզրափակեց նա:
Ծրագրում ելույթ ունեցան Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը՝ գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ: Մասնակցեցին Տաթևիկ Սազանդարյանի ուսանողներ Գևորգ Հակոբյանը, Հասմիկ Հացագործյանը, Նունե Բադալյանը, Պերճ Քարազյանը և այլք: Հնչեցին այն ստեղծագործությունները, օպերային արիաները, որոնց շնորհիվ Տաթևիկ Սազանդարյանը մեծ ճանաչում էր ձեռք բերել:
Դահլիճը լեփ-լեցուն էր, և օպերային արվեստի սիրահարները մեծ ոգևորությամբ էին արձագանքում բոլոր համարներին:
Ներկա էր նաև ՀՀ առաջին տիկին Ռիտա Սարգսյանը:
Համերգն իրականացավ ՀՀ առաջին տիկին Ռիտա Սարգսյանի բարձր հովանու ներքո և ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ:
Տաթևիկ Սազանդարյանը ծնվել է Խնձորեսկում։ Մանկությունն անցել է Բաքվում:
1929 թվականին տեղափոխվել է Մոսկվա, երգել Արևելյան ինքնագործ անսամբլում։ Սովորել է Մոսկվայի հայ մշակույթի տան երաժշտական և դրամատիկական ստուդիաներում։ Երևան գալով եղել է Երևանի օպերայի և բալետի թատրոնի մեներգչուհի։ 1939 թվականին Մոսկվայում` հայ արվեստի տասնօրյակին, հանդես է եկել Ալմաստի (Սպենդիարյանի «Ալմաստ») դերերգով և արժանացել համընդհանուր ճանաչման։
Երգչուհու մեկնաբանմամբ Փառանձեմի (Տիգրան Չուխաճյանի «Արշակ Բ»), Թամարի (Արմեն Տիգրանյանի «Դավիթ Բեկ») և Ալմաստի դերերգերը հայկական օպերայի կատարողական արվեստի գոհարներից են: Հատուկ նրա համար են գրվել Թամարի, Շուշանի` Բաբաևի «Արծվաբերդ», Նազելիի՝ Ստեփանյանի «Հերոսուհին», Բերբերոյի՝ Տեր-Ղևոնդյանի «Արևի ցոլքերում» դերերգերը։ Լավագույն կատարումներից են եղել նաև Կարմենի՝ Բիզեի «Կարմեն», Ամներիսի՝ Վերդիի «Աիդա», Իոկաստեի՝ Ստրավինսկու «Էդիպ արքա», Լյուբաշայի՝ Ռիմսկի-Կորսակովի «Թագավորի հարսնացուն», Օլգայի՝ Չայկովսկու «Եվգենի Օնեգին» և այլ դերերգեր։ Հանդես է եկել նաև որպես կամերային երգչուհի։ Կատարել է հայ, ռուս և եվրոպացի կոմպոզիտորների շուրջ 450 ստեղծագործություններ։