ՍԱՊԾ-ն ռուսաստանցի գործընկերների հետ կուսումնասիրի հայկական ծագման բուսամթերքին առնչվող ոլորտներում
EconomicsԱշխատանքային այցով Հայաստանում գտնվող՝ Ռուսաստանի անասնաբուժական եւ բուսասանիտարական հսկողության դաշնային ծառայության պատվիրակությունը մայիսի 22-ին հանդիպում է ունեցել ՀՀ գյուղատնտեսության նախարարության Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության ղեկավարության հետ: Այցի շրջանակներում նախատեսվում է իրականացնել հայկական ծագում ունեցող բուսական մթերքի արտադրության, պահպանման վայրերի, արտահանման հնարավորությունների ու ընթացակարգերի համատեղ ուսումնասիրություններ:
Ինչպես տեղեկացրին ՀՀ ԳՆ ՍԱՊԾ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, ծառայության պետի տեղակալ Հովհաննես Հայրապետյանն ընդգծել է սննդամթերքի անվտանգության ապահովման հարցում գործընկեր կառույցի աջակցության կարևորությունը Հայաստանի Հանրապետության համար՝ հաշվի առնելով, որ ԵԱՏՄ տարածքում գործում են վերահսկման միասնական մեխանիզմներ և խնդիրները հաճախ պահանջում են համատեղ լուծումներ: Ներկայացվել են վերահսկողության ուժեղացմանն ուղղված՝ Ծառայության կողմից ձեռնարկվող միջոցառումները, հայկական կողմը պատրաստակամություն է հայտնել տրամադրել անհրաժեշտ տեղեկատվություն բուսասանիտարիայի ոլորտի և ձեռքբերումների մասին:
ՌԴ պատվիրակության ղեկավար Ալեքսեյ Շչեգլովը շեշտել է այս այցի կարևորությունը և հույս է հայտնել, որ համագործակցությունը կլինի բաց, հասանելի և փոխշահավետ:
Առաջիկա հինգ օրերի ընթացքում ՌԴ անասնաբուժական եւ բուսասանիտարական հսկողության դաշնային ծառայության պատվիրակությունը կայցելի Արմավիրի, Կոտայքի, Արագածոտնի մարզերում տեղակայված ջերմոցային տնտեսություններ, ծիրանի և դեղձի այգիներ, կծանոթանա առկա իրավիճակին, մեր երկրի բուսական արտադրանքի արտադրողական հնարավորություններին ու հզորություններին: