Յուրա Մովսիսյանը դժգոհ է «Ռեալ Սոլթ Լեյքում» իր կարգավիճակից
Sport«Ռեալ Սոլթ Լեյքի» հարձակվող Յուրա Մովսիսյանը դժգոհ է ամերիկյան ակումբում իր կարգավիճակից: Մարզիչի փոփոխությունից հետո 29-ամյա ֆուտբոլիստը սկսել է ստանալ ավելի քիչ խաղաժամանակ: The Salt Lake Tribune-ն անդրադարձել է ստեղծված իրավիճակին:
«Սիեթլից» կրած պարտությունից հետո ստադիոնից առաջինը հեռացել է Յուրա Մովսիսյանը, որը «Ռեալ Սոլթ Լեյքի» վերջին 3 խաղերից միայն մեկում է հանդես եկել մեկնարկային կազմում՝ այն էլ փոխարինվելով ընդմիջմանը: Այդ խաղից հետո Յուրային հարցրել են, թե արդյոք նա հիասթափված է ստեղծված իրավիճակից: «Իհարկե, բայց ինչ կարող եմ անել: Պետք է շարունակեմ ջանասիրաբար աշխատել եւ սպասել իմ շանսին»,- պատասխանել է Մովսիսյանը:
«Նյու Յորք Սիթիի» դեմ խաղում հայ հարձակվողը հանդես էր եկել մեկնարկային կազմում եւ փոխարինվել ընդմիջմանը: «Ռեալ Սոլթ Լեյքի» գլխավոր մարզիչ Մայք Պետկեն այդ որոշումը բացատրել էր նրանով, որ խաղի սկզբնամասում Յուրան գնդակով ուժեղ հարված էր ստացել գլխին:
«Չեմ ցանկանում վտանգել խաղացողների առողջությունը՝ հատկապես, երբ խոսքը գլխի վնասվածքի մասին է: Յուրան դժգոհ էր, սակայն ես 99 տոկոսով մտածում էի նրա մասին եւ միայն մեկ տոկոս էի ցանկանում բախվել խնդիրների»,- նշել էր Մայք Պետկեն:
Այդ հանդիպումից հետո Յուրա Մովսիսյանը պատմել է, որ լավ է զգացել իրեն. «Ես լավ էի զգում, ամեն բան կարգին էր: Այո, գնդակը դիպավ գլխիս, սակայն իմ փոխարինումը միայն մարզչական շտաբի որոշումն էր: Ցանկանում եմ ապացուցել մարզիչին, որ կարող եմ օգնել թիմին»,- ասել է հայ հարձակվողը»,- նշված է The Salt Lake Tribune-ի հոդվածում:
Հիշեցնենք, որ MLS-ի կանոնավոր առաջնության այս մրցաշրջանում Յուրա Մովսիսյանը մասնակցել է 14 խաղի եւ դարձել 4 գոլի հեղինակ: