Երևանի Լև Տոլստոյի անվան թիվ 128 հիմնական դպրոցը նշել է հիմնադրման 55-ամյակը
SocietyԵրևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը ներկա է գտնվել Երևանի Լև Տոլստոյի անվան թիվ 128 հիմնական դպրոցի հիմնադրման 55-ամյակին նվիրված միջոցառմանը: Հանդիսավոր արարողության շրջանակում կրթօջախի սաները ներկայացրել են դպրոցի ավելի քան կեսդարյա ուղին՝ զարգացման տարբեր փուլերը, ձեռքբերումներն ու նոր ծրագրերը: Փոքրիկ տեսաֆիլմերի միջոցով էլ անդրադարձ է կատարվել դպրոցի նվիրյալ մանկավարժներին, ովքեր իրենց ներդրումն են ունեցել կրթօջախի զարգացման ու ձևավորված ավանդույթների պահպանման գործում:
Ինչպես տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, ներկաներին ուղղված ողջույնի խոսքում շնորհավորելով կրթօջախի հիմնադրման 55-ամյակի առթիվ` քաղաքապետ Տարոն Մարգարյանը շնորհակալություն է հայտնել մանկավարժներին՝ հայրենասեր ու հայրենանվեր սերունդ կրթելու և դաստիարակելու համար:
Երևանի Լև Տոլստոյի անվան թիվ 128 հիմնական դպրոցի հիմնադրման 55-ամյակի առթիվ, մանկավարժական բազմամյա գործունեության ընթացքում սովորողների կրթության և դաստիարակության գործում ունեցած վաստակի համար կրթօջախի մի շարք աշխատակիցներ պարգևատրվել են Երևանի քաղաքապետի պատվոգրերով ու շնորհակալագրերով: