«Այաքսի» մարզիչ. Եթե իմ ֆուտբոլիստները չանհանգստանային, նրանց կուղարկեի բժշկի
SportԱմստերդամի «Այաքսի» գլխավոր մարզիչ Պետեր Բոսը խոսել է անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» դեմ Եվրոպայի լիգայի եզրափակիչ հանդիպման մասին:
«Եթե իմ ֆուտբոլիստները չանհանգստանային, ես նրանց կուղարկեի բժշկի մոտ: Մի մոռացեք, որ նրանց համար սա առաջին եզրափակիչն է, այնպես որ նյարդերը նորմալ են: Ինձ պետք չէ ոչինչ անել, որպեսզի իրավիճակը լինի վերահսկողության տակ:
Մենք կարող ենք հաղթել «Մանչեսթեր Յունայթեդին», եթե կարողանանք ցուցադրել մեր խաղը: Այն, որ իմ թիմում շատ են երիտասարդ խաղացողները, ավելի հետաքրքիր է դարձնում աշխատանքս: Պետք է ճիշտ նախապատրաստել նրանց»,- մարզիչի խոսքը մեջբերում է ՈւԵՖԱ-ի կայքը:
Հիշեցնենք, որ «Մանչեսթեր Յունայթեդի» եւ «Այաքսի» միջեւ խաղը կկայանա մայիսի 24-ին Շվեդիայի մայրաքաղաք Ստոքհոլմի «Ֆրենդս Արենա» ստադիոնում եւ կսկսվի Երեւանի ժամանակով 22:45-ին: Խաղից առաջ 2 թիմերի ֆուտբոլիստները մեկ րոպե լռությամբ կհարգեն «Մանչեսթեր արենա» ստադիոնում մայիսի 22-ին տեղի ունեցած ահաբեկչության զոհերի հիշատակը:
Հոլանդական ակումբը եվրագավաթների եզրափակիչում նախորդ անգամ հանդես եկել է 1996-ին: Եվրոպայի լիգայի հաղթողը նվաճում է Չեմպիոնների լիգայի խմբային փուլի ուղեգիր: