Համահայկական բանկը կարող է վերափոխվել Համահայկական ֆոնդի. ԿԲ ներկայացուցիչ
EconomicsԿենտրոնական բանկի խորհուրդը քննարկում է Համահայկական բանկի զարգացման տարբերակներ, որոնցից ամենաարդիականը Համահայկական բանկի տրանսֆորմացիան է Համահայկական ֆոնդի:
Այս մասին մայիսի 24-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ կենտրոնական բանկի ֆինանսական համակարգի կայունության և զարգացման վարչության պետ Անդրանիկ Գրիգորյանը: Նրա խոսքով` այդ քայլը հնարա վորություն կտա ներդրողներին շատ ավելի ճկուն և արագ ցանկացած գործարքներ իրականացնել:
«Ներկայիս ֆինանսների ոլորտում կիրառվող տարբեր տեխնոլոգիաներին մոտ ամենաարդիական տարբերակը Համահայկական բանկի տրանսֆորմացիան է Համահայկական ֆոնդի, ինչը ներդրողներին հնարավորություն կտա շատ ավելի ճկուն, արագ կերպով ցանկացած տեսակի գործարքներ իրականացնել։ Հատկապես խոսքը վերաբերում է նաև ոչ ռեզիդենտ ներդրողներին, որոնք շատ ավելի մեծ ճկունություն կունենան իրենց ներդրումային քաղաքականության, որոշումների կայացման համար»,-ասաց Գրիգորյանը:
Նա նաև նշեց, որ Համահայկական բանկն իրականում բավական հաջող և կարևոր նախագծեր է իրականացրել, որոնք իրենց դրական ազդեցությունն են ունեցել մեր տնտեսության համար։ Գրիգորյանի խոսքով` ֆինանսական համակարգում ցանկացած ֆինանսական կազմակերպության հետ աշխատանքներում պետք է արագություն, ճկունություն և ներդրողների համար հնարավորինս լավ պայմաններ, ինչի համար էլ հարկավոր է ավելի շատ զարգացնել Համահայկական բանկի գաղափարը: