Մխիթարյանը պատմություն կերտեց «Մանչեսթեր Յունայթեդ»-ի համար. ակումբի անդրադարձը
SportՈւԵՖԱ-ի Եվրոպայի լիգայի եզրափակչում հոլանդական «Այաքս»-ի դեմ խաղում խփած գոլով Հենրիխ Մխիթարյանը պատմություն կերտեց «Մանչեսթեր Յունայթեդ»-ի համար: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին գրում է ֆուտբոլային ակումբի պաշտոնական կայքը:
Ստոկհոլմում կայացած եզրափակչի ժամանակ անկյունայինի խաղարկումից հետո խփած գնդակով Մխիթարյանը դարձավ ակումբի պատմության մեջ միակը, ով մեկ մրցաշրջանի ժամանակ «կարմիր սատանաների» համար գոլ խփեց հինգ տարբեր խաղերում:
Խաղից հետո նա շնորհակալություն է հայտնել իր թիմակիցներին՝ նշելով, որ առանց նրանց չէր կարող գոլերի հեղինակ դառնալ: «Ես իսկապես ուրախ եմ, որ այսօր՝ եզրափակչում գոլի հեղինակ դարձա, քանի որ բոլորը շարունակ ասում էին՝ դու գոլ ես խփելու եզրափակչում: Վերջին խաղից հետո ես ամեն օր երազում էի գոլ խփել եզրափակչում: Շնորհակալ եմ իմ թիմակիցներին: Ես շատ երջանիկ եմ»,- նշել է նա:
Ֆուտբոլային ակումբի պաշտոնական կայքը նշում է, որ ակումբի պատմության ընթացքում ինչպես Մխիթարյանը, այնպես էլ Քրիստիանու Ռոնալդուն և Ուեյն Ռունին գոլի հեղինակ են դարձել եզրափակչում՝ Մխիթարյանի համեմատ, սակայն, գոլ խփելով մրցաշրջանի չորս խաղում: